Աղմկահարույց ինչ-ինչ գործողություններով Ադրբեջանը փորձում է ստեղծել պատերազմի իմիտացիա. քաղաքագետ

Ադրբեջանը նպատակաուղղված գնում է անգամ սեփական քաղաքացիների սպանությանը՝ բանակցային սեղանին քաղաքական իրավիճակ փոխելու համար: Լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությունը կրկին ցույց է տալիս, որ հստակ դատապարտում չկա Ադրբեջանի՝ խաղաղ բնակչությանը որպես վահան օգտագործելու մարտավարության եւ, ընդհանրապես, սահմանային իրավիճակը սրելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ առաջիկայում անվտանգության խնդիրներին առնչվող ցանկացած հարց դարձյալ մնում է Հայկական զինված ուժերի ուսերին, քանի որ դիվանագիտական զսպման որեւէ մեխանիզմ Ադրբեջանի հանդեպ չի աշխատում: Նրանք փորձում են այնպես անել, որ ապրիլյան ձախողումը չաշխատի որպես գործոն Ադրբեջանի դեմ, որպեսզի շրջանցելով այն՝ Ադրբեջանը փորձի բանակցային գործընթացը սկսել իր համար նախընտրելի կողմից»,– ասաց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ թեպետ Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումներին զինելու մասին բուլղարական մամուլում տեղ գտած սկանդալային բացահայտումն էր սահմանային իրավիճակի հիմնական պատճառը, այնուամենայնիվ, պետք չէ անտեսել «Մեծ 20-յակ»-ի գագաթնաժողովը, ինչպես նաեւ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպումը:

«Ամեն դեպքում կարծում եմ, որ միջորդների գնահատականներն, ըստ էության, առավել համապատասխանում են հայկական կողմի մոտեցումներին, իսկ Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան նման ահաբեկչական ճանապարհներով հարցեր լուծելու փորձեր անելն է»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում դեռեւս չի կանխատեսում, քանի որ Ադրբեջանը այն սանձազերծելու, առավել եւս հաջողության հասնելու համար որեւէ ռեսուրս չունի:

«Սա այն դեպքն է, երբ ցանկությունը եւ հնարավորությունները չեն համապատասխանում իրար, այդ իսկ պատճառով նրանք փոխարինում են պատերազմը էմոցիոնալ կամ աղմկահարույց ինչ-որ գործողություններով, որը կստեղծի պատերազմի իմիտացիա»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն էին տարածել հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության լարման վերաբերյալ: Հայտարարության մեջ համանախագահները նշել էին, որ «ստացել են տեղեկատվություն հուլիսի 4-ի ուշ երեկոյան Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղի շրջանում բռնության վերսկսման մասին, որը պատճառ է դարձել մարդկային կորուստների, այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում