Եվրախորհրդարանը բացառում է ԼՂ հակամարտության ռազմական կարգավորումը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դևիդ ՄքԱլիսթերը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների նախագահ Սաջադ Քարիմը և «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Եվրախորհրդարանը մեծապես մտահոգված է այս շաբաթվա սկզբին վերսկսված բռնության առնչությամբ, որը Ֆիզուլիի շրջանում դարձել է քաղաքացիական անձանց մահվան պատճառ: Մենք մեր խորը վշտակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին:

Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես ասվել է նախկինում, մենք հավատացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում: Փոխարենը հակամարտությունը կարիք ունի շուտափույթ քաղաքական կարգավորման՝ համաձայն միջազգային իրավունքի: Սա միակ ճանապարհն է՝ դադարեցնելու երկու կողմերի զինվորների ու քաղաքացիական անձանց շրջանում կորուստները:

Մենք լիարժեքորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին ու առաջարկներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողելու հնարավորություն ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական քաջություն գտնեն բարեխղճորեն բանակցություններ անցկացնելու համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում