Դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Կենտրոնական նահանգ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 4-ից 5-ը աշխատանքային այց կատարեց Իրանի Կենտրոնական նահանգ:

Հուլիսի 4-ին դեսպանն այցելեց նահանգի Զարանդիե գավառի Զավիե և Սավե քաղաքի Քավե և Ավե խոշոր արդյունաբերական ավանների մի շարք ձեռնարկություններ: Մասնավորապես, դեսպան Թումանյանը եղավ սննդի վերամշակման, փաթեթավորման, գյուղատնտեսական մթերքների արտադրության և մի շարք այլ ձեռնարկություններում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այցի ընթացքում դեսպանին ուղեկցեցին գավառապետեր, քաղաքապետեր, նահանգային և համայնքային իշխանությունների ու գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը եղավ նաև Դելիջան քաղաքում, որը գտնվում է Կենտրոնական նահանգի համանուն գավառում: Տեղի ունեցան այցելություններ գավառի մի շարք արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ դեղերի, շինանյութերի, սննարդյունաբերության և արհեստական մանրաթելերի արտադրություններ:

Դելիջան կատարած այցի հիմնական նպատակներից էր ՀՀ Տավուշի մարզի և ԻԻՀ Կենտրոնական նահանգի միջև միջմարզային, Հայաստանի Դիլիջան և Իրանի Դելիջան քաղաքների միջև միջհամայնքային համագործակցության զարգացման հարցերի քննարկումը:

Դելիջան քաղաքում տեղի ունեցավ հատուկ խորհրդակցություն, որին մասնակցեցին Կենտրոնական նահանգի փոխնահանգապետ Զաֆար Աֆշունը, Դելիջանի գավառապետ Մոհամմադ Քորդին, Դելիջանի քաղաքապետ Մեհդի Էսմայիլին, նահանգային, քաղաքային իշխանությունների և հասարակայնության ներկայացուցիչներ, գործարարներ:

Դեսպան Թումանյանի կողմից ներկայացվեցին ՀՀ տնտեսության առանձնահատկությունները, գործող առևտրային ռեժիմները, գործարար միջավայրի վիճակը, հայ և իրանցի տնտեսվարողների միջև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և այլն: Անդրադարձ եղավ նաև Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակին և սպասվող առաջիկա զարգացումներին:

Համաձայնություն ձեռք բերվեց ընթացիկ ամսվա երկրորդ կեսին կազմակերպել այց Հայաստան (Տավուշի մարզ, Դիլիջան)՝ նահանգային և տեղական իշխանությունների ու գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Իրանական կողմի հավաստմամբ՝ պատվիրակությունը գլխավորելու է Կենտրոնական նահանգի փոխնահանգապետ Ազիզ Ֆեյլին:

Զարանդիեում, Սավեում և Դելիջանում նահանգային «Աֆթաբ» հեռուստաալիքին տված հարցազրույցներում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Իրանի Կենտրոնական նահանգ կատարած այցի նպատակներն ու առաջիկա ծրագրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում