Հայկական կողմը կորուստներ չունի. Հակառակորդի որևէ գործողություն անպատասխան չի մնա

Հուլիսի 7-ին ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Շուտով հայտնվելու են բազում կեղծ լուրեր, կիսամոնտաժած տեսանյութեր: Կարծում եմ մեր մեդիադաշտը արդեն այդքան իմունիտետ ունի, որ դրանց համար հատ հատ բացատրություն չտանք: ՄԵնք կորուստներ չունենք և ամեն ինչ հստակ ասվել է: Հակառակորդի որևէ գործողություն անպատասխան չի մնացել ու չի մնա»,- գրել է նա:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ներկայումս շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում