Ադրբեջանն իր իսկ բնակչությանն օգտագործել է որպես կենդանի վահան. ԵԽ պատգամավոր

Ադրբեջանն իր իսկ բնակչությանն օգտագործել է որպես կենդանի վահան. ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի առաջնագծում իրականացված նոր սադրիչ գործողությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 4-ին «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնատիրական ռեժիմը, ում համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի, իր իսկ բնակչությանն օգտագործել է որպես կենդանի վահանն՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը»:

«Ադրբեջանը համազարկային հրթիռային կայանքը տեղադրել է բնակեցված գյուղին շատ մոտ և օգտագործել է դա Լեռնային Ղարաբաղն արկակոծելու նպատակով: Սա Ադրբեջանի ներկայիս կառավարության արատավոր ու անմարդկային ռազմավարությունն է՝ քարոզչական նպատակով անգթորեն օգտագործել հասարակ ժողովրդի ողբերգությունը՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը»,- նշել է եվրապատգամավորը:

Նա անհերքելի է համարել այն փաստը, որ նույն այդ կառավարությունը վճռականորեն մերժում է շփման գծում հետաքննական մեխանիզմների տեղադրումը, որը կարող է կանխել հրադադարի ռեժիմի խախտումները, անմեղ մարդկանց կարուստը և ստեղծել բարենպաստ մթնոլորտ բանակցությունների ու խաղաղության համար:

«Ես խորապես ցավում եմ ադրբեջանական կողմում անմեղ մարդկանց զոհվելու առնչությամբ: Միևնույն ժամանակ ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են իրադրությամբ, լինել օբյեկտիվ և լուռ չմնալ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում «Իսլամական պետություն» խմբավորման ոճով գլխատում են մարդկանց, նրանց մարմնի մասերը սոցիալական մեդիայում ցուցադրում են որպես հաղթական ավար և խեղում են 90-ամյա հայ քաղաքացիների մարմինները, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին»,- ասվում է Թեոխարիուսի հայտարարության եզրափակիչ հատվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում