ՀՀ գլխավոր դատախազը կոռեկտ չի համարում Արթուր Սարգսյանի մահվան շահարկումները

ՀՀ գլխավոր դատախազը կոռեկտ չի համարում Արթուր Սարգսյանի մահվան շահարկումները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության 2016 թ. գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում անդրադարձավ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամներին հաց տարած Արթուր Սարգսյանի երկրորդ անգամ կալանավորման և նրա մահվան վերաբերյալ հնչած գնահատականներին: Իր եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ կոռեկտ չի համարում որոշ պատգամավորների կողմից Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը: «Իսկ օրենքի տեսակետից անթույլատրելի է այս հարթակում այդ հարցի քննարկումը՝ նկատի ունենալով, որ այդ հարցով քրեական գործ է քննվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Դավթյանը:

Անդրադառնալով Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշմանը՝ Արթուր Դավթյանն ընդգծեց, որ այդ կապակցությամբ դատախազության պաշտոնական կայքում տրվել են մանրամասն պարզաբանումներ, սակայն ընդգծեց, որ ստիպված է ևս մեկ անգամ կարճ անդրադառնալ խնդրին, քանի որ խորհրդարանում այդ հարցը շատ բարձրացվեց: «Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության արդյունքներով: Դեկտեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից խափանման միջոցն Արթուր Սարգսյանի նկատմամբ վերացվել է զուտ բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա: Այդ կոնսիլիումի մասնագիտական կարծիքը մեզ հնարավորություն էր տվել հասկանալ, որ այդ պահին նման առողջական վիճակով հավանականությունը նվազ էր, որ Արթուր Սարգսյանը պատշաճ վարքագիծ չի դրսևորի: Դրանից հետո նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննություն: Ստացել ենք եզրակացություն, որի պարզ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եզրակացության մեջ կա ներքին հակասություն: Այդ եզրակացության հետևություններում համապատասխան հիվանդության նկարագրումը լիարժեքորեն չէր համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան հիվանդությանը: Եվ, բնականաբար, վարույթ իրականացնող մարմինը շատ իրավաչափ նշանակեց նոր դատաբժշկական փորձաքննություն»,- պարզաբանեց ՀՀ գլխավոր դատախազը:

Նա հավելեց, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում, նախևառաջ, ավելի հստակեցվել են նախորդ եզրակացության մեջ առկա բացերը: «Առավել համակողմանի հետազոտությունների արդյունքում տրվեց եզրակացություն, որ Արթուր Սարգսյանը տառապում էր համապատասխան հիվանդություններով, բայց այդ հիվանդություններն ամբողջապես չեն համապատասխանում կառավարության սահմանած կալանքի հետ անհամատեղելի հիվանդությանը: Սակայն ցանկանում եմ ամենակարևորը՝ ոչ թե այս մասնագիտական եզրակացությունները հիմք հանդիսացան Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու համար, այլ դատավարական օրենքի հստակ պահանջը: Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նրան մանրամասն պարզաբանվել են այս խափանման միջոցի պահպանման կարգը: Սակայն նա խախտել էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները: Նա, պատշաճ ծանուցված լինելով, չէր ներկայացել դատավարական մարմին: Բացի այդ, գործով տվյալներ էին ստացվել Արթուր Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- մանրամասնեց Արթուր Դավթյանը:

Նա հիշեցրեց, որ այնուհետև իրեն Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել ԱԺ 5 խմբակցությունների 22 պատգամավորներ, ինչին ինքն ընդառաջել է՝ պայմանով, որ Արթուր Սարգսյանը ազատության մեջ պատշաճ վարքագիծ կդրսևորի, ինչը երաշխավորել են պատգամավորները՝ ստանալով նաև Սարգսյանի համաձայնությունը: «Ես առանց մանրամասների մեջ խորանալու ցանկանում եմ մի կարևոր հանգամանք ևս նշել: Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո 5 օր Արթուր Սարգսյանը գտնվել է մասնագիտական հիվանդանոցում: 5-րդ օրը նա առանց բժշկի թույլտվության դուրս է եկել հիվանդանոցից: Դրանից հետո բացարձակապես այլ հիվանդությամբ նա ենթարկվել է վիրահատության: Շարունակությունը մենք կունենանք Արթուր Սարգսյանի մահվան վերաբերյալ հարուցված քրեական գործի արդյունքներով»,– եզրափակեց Դավթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում