«Հրապարակ». Սահմանադրական դատարանը Վանաձորի քաղաքապետի հարցը կքննի հոկտեմբերի 31-ին

«Հրապարակ». Սահմանադրական դատարանը Վանաձորի քաղաքապետի հարցը կքննի հոկտեմբերի 31-ին

Սահմանադրական դատարանը նշանակել է ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների 26 պատգամավորների «Վանաձորի հարցի» վերաբերյալ հայցի քննության օրը՝ հոկտեմբերի 31-ին։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՍԴ-ում չորս հարց կա քննության դրված, այդ պատճառով էլ ընդդիմադիրների դիմումի քննությունը ձգվելու է մինչ և հոկտեմբերի վերջ։ Նշված խմբակցությունները, հիշեցնենք, դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, սույն թվականի մարտ ամսից, չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան կուսակցությունների դաշինք» խմբակցությունները վիճարկում են նա և այդ որոշումների սահմանադրականությունը:

Թերթը հիշեցրել է, որ անցած հոկտեմբերին Վանաձորի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը զբաղեցրել էր երկրորդ տեղն ու «Հայկական վերածնունդ» և ԲՀ կուսակցությունների հետ հուշագիր ստորագրել, որ համատեղ պաշտպանելու են «ԼՀ» քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին: Սակայն փակ քվեարկությամբ ընտրությանը հաղթեց ՀՀԿ թեկնածուն՝ Մամիկոն Ասլանյանը, որովհետև երեք կուսակցությունների ներկայացուցիչներից առայժմ անհայտ 4-ը քվեարկել էին ոչ թե «ԼՀ», այլ ՀՀԿ թեկնածուի օգտին: «Դավաճաններին» պարզելու համար սկսվեց բոյկոտ, որը շարունակվում է առայսօր: ՀՀԿ-ն, սակայն, ՀՅԴ-ի հետ անցկացնում է ավագանու նիստեր, թեև «Լուսավոր Հայաստանը» դա համարում է անօրինական: ՀՎԿ վանաձորյան խմբակցությունը հնարավոր է, Գյումրու խմբակցության օրինակով, սեպտեմբերին կայացնի բոյկոտը դադարեցնելու որոշում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում