Հայաստանի սպառողական շուկայում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 0.9 տոկոս գնանկում

Հայաստանի սպառողական շուկայում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 0.9 տոկոս գնանկում

Հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 1.2 տոկոս գնաճ 2017-ի 6 ամիսներին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, սակայն հունիսին գրանցվել է 0.9 տոկոս գնանկում՝ մայիսի համեմատ: Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է Գյումրիում: Հուլիսի 12-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

«2017-ի հունիսին՝ մայիսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի, ոչ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի գնանկում՝ 2 տոկոսի սահմաններում: Ոչ պարենային ապրանքները ևս ունեցել են գնանկում՝ 0.4 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում սակագների աճ է արձանագրվել՝ 0.2 տոկոս: Երևանում գնանկումը եղել է 0.9 տոկոս, ամենաբարձր գնանկումն արձանագրվել է Գյումրիում՝ 1.4 տոկոս, իսկ ամենաքիչը Գավառում՝0.4 և Եղեգնաձորում՝ 0.5 տոկոս»,-ասաց Գուրգեն Մարտիրոսյանն ու հավելեց, որ հունիսին նախորդ ամսվա համեմատ էական գնաճ է եղել մսամթերքի շուկայում:

2017-ի հունիսին՝ 2016-ի հունիսի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ: 23 տոկոս գնաճ է արձանագրվել միրգ ապրանքային խմբում: 2017-ի հունիսին ծիրանի միջին ամսական գինը եղել է 1336 դրամ՝ մեկ կիլոգրամի հաշվով՝ նախորդ տարվա 995 դրամի համեմատ: Կեռասի միջին ամսական գինը եղել է 1513 դրամ, ՝ նախորդ տարվա 803 դրամի փոխարեն: «Վերջին մեկ ամսվա մրգի գնաճը՝ նախորդ տարվա համեմատ, պայմանավորված է նրանով, որ որոշ մրգեր ուշ են դուրս եկել շուկա՝ մասնավորապես ծիրանը, կեռասը»,-նշեց Մարտիրոսյանը:

2017-ի հունիսի տվյալներով՝ 2016-ի դեկտեմբերի համեմատ սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ ապրանքախմբերում արձանագրվել է 3.9 տոկոս գնաճ, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.6 տոկոսով, ծառայությունները նույնպես ունեցել են նվազման միտում՝ 0.8 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում