AM | RU
USD
EUR
RUB

Հայ գործարարները պետք է ակտիվ լինեն ղազախական շուկայում հայկական ապրանքը առաջ մղելու գործում

Ղազախստանի շուկան մեծ հնարավորություններ ունի, և հայ գործարարները պետք է ակտիվ լինեն այս շուկայում հայկական ապրանքը առաջ մղելու գործում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը:

-Պարոն դեսպան ինչպե՞ս կգնահատեք հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը:

- Անկախության նվաճումից ի վեր հայ-ղազախական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, բնութագրվում են որպես բարեկամական և դաշնակցային: Նախնական փուլի համեմատ այդ հարաբերությունները զարգացում են ապրել, խորացել, ամրապնդվել են` ընդգրկելով միջպետական հարաբերությունների հնարավոր բոլոր ոլորտները: Մեր պետությունների, կառավարությունների, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների միջև գոյություն ունի մշտական քաղաքական երկխոսություն և պետք է նկատել, որ դրանք շատ ավելի խոր են ու առաջանցիկ, քան միջպետական հարաբերությունների մյուս մակարդակներում ու քաղաքացիական հասարակության կառույցների միջև է: Նկատի ունեմ հետևյալ հանգամանքը. Հայաստանը գտնվում է Ղազախստանի հետ այնպիսի խոշոր ինտեգրացիոն տնտեսական կառույցի կազմում, ինչպիսին է Եվրասիական տնտեսական միությունը, այնպիսի ռազմաքաղաքական դաշինքում, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, համագործակցում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում: Դրանք դինամիկ ու բազմավեկտոր փոխգործակցության քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական հարթակներ են, որտեղ տեղի է ունենում միջազգային օրակարգի շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ դիրքորոշումների, տեսակետների փոխանակում, համաձայնեցում, համակարգում:

Իսկ ահա՛ առևտրատնտեսական, հումանիտար ոլորտում հայ-ղազախական շփումները չեն համապատասխանում և՛ եղած ներուժին, և՛ քաղաքական ու բարձր մակարդակի փոխվստահելի երկխոսությանը, որ գոյություն ունի, ինչպես վերը նշեցի, մեր երկու պետությունների միջև: Դեսպանությունն, անշուշտ, ջանքեր գործադրում է հատկապես փոխադարձ ապրանքաշրջանառության աշխուժացմանը նպաստելու ուղղությամբ: Հանրապետության Նախագահը օտարերկրյա պետություներում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների առջև խնդիր է դրել՝ շոշափելի արդյունքների հասնել դիվանագիտության տնտեսական բաղադրիչի աշխուժացման գործում: Ընթացիկ տարվա մարտին կայացած դեսպանահավաքի ժամանակ ՀՀ վարչապետը նույն առաջադրանքը քննության դրեց գործնական-կազմակերպական մակարդակում: Ուրեմն, երկկողմ տնտեսական կապերի զարգացման խնդիրները մեր ամենօրյա աշխատանքի կենտրոնում են. Հայաստանի արտգործնախարարությունը բոլոր մակարդակների դիվանագետների աշխատանքում զգալի նշանակություն է տալիս հենց տնտեսական կապերի աշխուժացմանը, արտասահմանյան ուղղակի ներդրումների ներգրավմանը, նորագույն տեխնոլոգիաների, ինովացիաների ներդրմանը:

Սա՝ առհասարակ, իսկ դիցուք հայ-ղազախականի փոխհարաբերությունների մասով սխալված չեմ լինի, եթե նկատեմ, որ վերջին տասը տարիներին շփումներն աշխուժացել են: Նախորդ տարի սպասվում էր ՂՀ Նախագահ Նազարբաևի պաշտոնական այցը Հայաստան: Այն հետաձգվեց նրա առողջական խնդիրների պատճառով: Այցը մնում է երկկողմ հարաբերությունների օրակարգում: Հայաստանը պատրաստ է ընդունել Ղազախստանի նախագահին:

-Պարոն դեսպան, ձեր գնահատմամբ, ընդհանուր առմամբ, Ղազախստանն ինչպիսի քաղաքականություն է վարում:

-Ղազախստանը նախաձեռնողական արտաքին քաղաքականություն է վարում: Եվ օրինակները բազում են: Ղազախստանն ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ և Հայաստանը, որպես բարեկամ երկիր, աջակցեց այդ ընտրությանը:

Մենք ուրախանում ենք բարեկամ Ղազախստանի ոչ միայն տնտեսական վերելքով, իրականացվող լայնամասշտաբ ծրագրերով, սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող, մարզերի համաչափ զարգացման և, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերով: Ղազախստանին հաջողվել է բևեռել իր նկատմամբ ընդհանուր հետաքրքրություն, անառարկելի է նրա աճող միջազգային հեղինակություն: Ի դեպ, նկատելի է երկրի քաղաքական ղեկավարության հավակնոտ նախաձեռնություններին ցուցաբերվող հասարակական աջակցությունը: Երկրի յուրաքանչյուր նվաճմամբ հպարտության զգացումը սնունդ է տալիս հատկապես ղազախական երիտասարդության հայրենասիրությանը: Քաղաքական վերնախավն էլ, իր կողմից, ծրագրված աջակցում է ազգային զարթոնքին, կրոնական, ազգամիջյան հանդրուրժողականությանը, արդի կրթական ստանդարտներին, մշակութային արժեքներին հաղորդակցմանը: Այս օրերին, տեսե՛ք ինչ ջերմությամբ են նրանք վերաբերվում միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի անցկացմանը: Բոլորի շուրթերին է՝ «Astana Expo 2017»:

-Դուք նշեցիք, որ տնտեսական ցուցանիշները չեն համապատասխանում քաղաքական երկխոսության մակարդակին: Ասացեք խնդրեմ, երկու երկրների առևտրաշրջանառության ի՞նչ տվյալներ ունենք: ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ինչպիսի՞ դինամիկա կա:

- Նախորդ տարվա արդյունքներով առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,3 մլն ԱՄՆ դոլար: 2015-ին մոտ 5 մլն էր: Մինչ ճգնաժամային շրջանում այս ցուցանիշը բարձր է եղել և մոտեցել է մինչև 20 մլն-ի: Ի դեպ, Հայաստանից արտահանումը կազմում է նշված ծավալի մինչև 80 տոկոսը: Տեսնում եք՝ նվազումն ակնբախ է: Փոխադարձ ներդրումները չնչին թիվ են կազմում: Ոմանք փորձում են դա բացատել մեր աշխարհագրական դիրքով, դրանից բխող օբյեկտիվ գործոններով: Կարծում եմ՝ դա ոչ թե պատճառ է, այլ պատրվակ: Մենք և ղազախներն աշխատում ենք, առևտուր անում շատ ավելի հեռու ընկած երկրների հետ...

-Այդ դեպքում ո՞րն է պատճառը: Այստեղ ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-Եթե նայենք խնդրին ոչ դիվանագիտորեն, ոչ՝ «մունդիրի» տեսանկյունից, որպես Հայաստանի պարզ քաղաքացի, ապա կարող եմ ասել՝ մեր գործարարներից շատերը ջանք չեն գործադրում ղազախական շուկան ուսումնասիրելու և մտնելու համար: Հավանաբար, դրա պատճառներից մեկն այն է, որ գործարար շրջանակներում ընդունված չէ անծանոթ շուկաներ մտնել, բիզնես ռիսկի դիմել: Չօգտագործել ղազախական շուկայի հնարավորությունները՝ ճիշտ չէ: Երկիրը հարուստ է ոչ միայն ածխաջրածիններով, այլև գունավոր մետաղների ողջ շարքն այստեղ կա: Վերջին 25 տարվա ընթացքում 265 մլրդ դոլարի ուղիղ արտասահմանյան ներդրում է արվել: Բայց երկրում կա բարձրորակ աշխատուժի կարիք, ցանկություն, ձգտում աշխատելու գործընկերների հետ: Տարօրինակ է, որ վերամշակված գյուղմթերքների ոլորտը (որով շատ հպարտանում ենք) ծուլորեն է մոտենում ղազախական շուկային: Մինչդեռ այստեղից հետաքրքրության ազդակները մշտական են: Բացի մեկ-երկու ընկերությունից, մի քանի բնական հյութերից, այլ հայկական ապրանք ներկայացված չէ այստեղ: Բացառությամբ, անշուշտ, «Արարատ» կոնյակի, որը աշխատում է համակարգված ու բարձր ստանդարնտներին համապատասխան:

Այս բացերը լրացնում են Ղազախստանում հաստատված հայերը, որոնք հայկական ապրանք են արտադրում՝ ամենուր հանդիպում են հայկական լավաշ, պանիր, թան, չորացրած մրգեր, անգամ՝ բաստուրմա:

Հայ-ղազախական ապրանքաշրջանառության մեջ չերևացող մի «տող» կա, Հայաստանից Ղազախստան արտահանվող աշխատուժը: Այստեղ գործում են մասնավոր ճանապարհաշինական ընկերություններ, որոնք սեզոնային աշխատանքում ներգրավում են մեծաքանակ հայաստանցի աշխատողների:

Գործնական առումով, հավանաբար, ճիշտ կլինի որպես առաջին քայլ հայաստանցի գործարարները համախմբվեն ըստ որևէ հեռանկարային ուղղության ու այստեղ ներկայացուցչություն հիմնեն՝ ղազախական շուկա մուտք գործելու նպատակով: Դա կարող են անել ոչ միայն գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունները կամ նրանց արտադրանքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունները, այլև շինանյութերի արդյունաբերության ոլորտի առաջատարները: Մատների վրա կարող ենք հաշվել այն գործարարներին, որոնք տեղում են զբաղվում հայկական ապրանքները առաջ մղելով: Ոչ մի արդարացում չի կարող լինել նրան, որ ղազախական շուկայում՝ մոլդովական և վրացական գինիների անվերջ շարանում տեղ չունի հայկական գինին: Քաղցրահամ ջրերի, կովկասյան բուժիչ ջրերի, «Բորժոմիի» կողքին չես տեսնի հայկական ոչ պակաս համարժեքները:

-Պարոն դեսպան, մայիսին գործարկվեց Երևան-Աստանա ուղիղ չվերթը, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այս ուղղությամբ:

-Այո, Երևան-Աստանա ուղիղ չվերթը գործարկվեց մայիսի 31-ին: Այն տեղեկությունները, որոնք ես հավաքում եմ ուղևորահոսքի հետ կապված, հույս են ներշնչում, որ այս հնարավորությունը կօգտագործվի ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների ծավալների ընդլայնման նպատակով: Ուղիղ չվերթը կարող է ազդակ լինել զբոսաշրջության զարգացման համար: Զբոսաշրջությամբ զբաղվող հայկական ընկերություններին հորդորում եմ՝ Հայաստանից արտասահման զբոսաշրջիկներ տանելուն զուգահեռ լրջորեն ուսումնասիրել Ղազախստանից դեպի Հայաստան զբոսաշրջության պահանջարկը, դրա կառուցվածքը, շաղկապվածությունը տարածաշրջանային երթուղիների հետ: Այստեղ ուշագրավ «անակնկալներ» կան թաքնված. Ղազախստանում ամուր և վճարունակ է այն սերունդը, որը լավ հիշում է Ջերմուկի և Արզնիի առողջարանները, որը հիացմունքով է խոսում Սևանի ափին անցկացրած հանգստի մասին:

-Պարոն դեսպան, ի՞նչ տեղեկություններ կհաղորդեք հայ համայնքի մասին, հայապահպանության ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-Այս տարածքներում առաջին հայերը հայտնվել են գաղութացման նպատակով առաջ շարժվող ռուսական զորքերի հետ: Հաջորդ ալիքը 1930-ական թվականներին բորբոքված ամբողջատիրության բռնարարքների շրջանն էր, երբ խորհրդային Կենտրոնը Ղազախստանը վերածվել էր համակենտրոնացման ճամբարի: Տեղի փոքրաքանակ հայությանը նոր շունչ տվեցին հետպատերազմյան տնտեսական վերականգնման, խոպան հողերի յուրացման մեծ ծրագրերի մասնակիցները: Բուհերի հարյուրավոր հայ շրջանավարտներ որպես աշխատանքի վայր էին ընտրում զարգացող Ղազախստանը: Հիմա արդեն շարժման մեջ է երրորդ ալիքը՝ աշխատանքային միգրանտները:

Ղազախստանում հատուկ ուղեգիծ է կենսագործում ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքներում: Դրանք ուղղորդվում են «Ղազախստանի ժողովրդի վեհաժողով» կոչվող կառույցի կողմից:

Հայապահպանության գլխավոր գործոնը Մայր Հայաստանի հետ կենդանի կապն է: Բազում հայ ընտանիքներ ամառն անցկացնում են Հայաստանում: Լավ, թե վատ՝ շատ են խառնամուսնությունները: Հայերի պաշտոնական թիվը 25 հազար է, բայց մինչև 35 հազարի հասնում է սեզոնային շարժի գագաթնակետին: Բոլոր մարզային կենտրոններում կան հայկական մշակութային միություններ: Կան կիրակնօրյա դպրոցներ, պարախմբեր, պատանեկան խմբակներ` ըստ նախասիրությունների: Իհարկե, հասկանալի է վիճակը, երբ մարզում ապրում է 1000 հայ, իսկ կիրակնօրյա դպրոց է հաճախում 15-20 աշակերտ ...

Խոսել հայ համայնքի հետ աշխատանքի մասին ու չնշել այդ ուղղությամբ Սփյուռքի նախարարությունից եկող մշտական դրական ազդակները, կլիներ չարդարացված բացթողում: Ցանկացած նախաձեռնություն, հարցադրում նախարարությունը արագ ընկալում և արձագանքում է: Գիտեք, դա հաճախ մակերևույթի վրա չերևացող, շատ անգամ չթմբկահարվող ամենօրյա գործ է: Նույն կերպ են աշխատում նաև կրթության և գիտության, մշակույթի նախարարությունները:

Ընդհանուր առմամբ, հայկական համայնքները ամուր են: Հայերենը շատերի համար ընտանիքի լեզուն է: Մերոնք դիտում են հայկական հեռուստաալիքներ, այցելում Հայաստան, ուրախանում Հայրենիքի հաջողություններով ու, ինչպես ամենուր, համախմբվում տագնապի ժամին:

Լրահոս
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ «Հրապարակ». Արմեն Ամիրյան. Թումանյանի թանգարանը համաձայնություն չի ունեցել նման ցուցադրություն կազմակերպելու «Փաստ». «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցներն անժամկետ նստացույցի են պատրաստվում «Ժամանակ». Բրազիլահայերը դժգոհ են դեսպանից «Առավոտ». ԵԽԽՎ-ում հետաձգվել է հակահայկական զեկույցի ընդունումը «Հայկական ժամանակ». ԲՀԿ-ից պարզաբանել են՝ ինչու Ծառուկյանը չի մասնակցել Հայաստան-Սփյուռք համաժողովին «Հրապարակ». Դատարանի նախագահը «դեբոշ» է սարքել «Իրավունք». Գորիսի նոր քաղաքապետը Լիսկայի սրտով չէ «Ժողովուրդ». Արցախից արձագանքում են Նալբանդյանին. «Վերադարձ անցյալին չկա` թե՛ սահմանների, թե՛ կարգավիճակի առումով» «Ժողովուրդ». Դատական համակարգում լարվածությունը մեծանում է ՀՀ Նախագահը բարձր է գնահատել ԿԽՄԿ ջանքերը ԼՂ հակամարտության հումանիտար հարցերի լուծման գործում «Ժամանակ». Վարդևան Գրիգորյանը և Սերգեյ Բագրատյանը ման­դատ ձեռք բերելուց հետո նաև ՀԷԿ-եր են ձեռք բերել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 20 Սերժ Սարգսյան. «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի» Թրամփը մեղադրել է Հյուսիսային Կորեայի իշխանություններին միլիոնավոր մարդկանց սպանելու մեջ Արցախն արժանի է միջազգային ճանաչման. կոնգրեսական Փալոուն ԱՀ Նախագահը մեդալով է արժեվորել Արցախի ճանաչման գործում ԱՄՆ երեք կոնգրեսականների ավանդը ԱՀ ԱԺ նախագահը եվրոպացի լրագրողներին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներն ու մարտահրավերները Հանոյում ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել ՀՀ ԱԳ փոխնախարարը ողջունել է հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակի միջազգային գիտաժողովի մասնակիցներին ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումները Արմեն Աշոտյանը Սփյուռքից ավելի մեծ ջանքեր է ակնկալում արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ Շավարշ Քոչարյանը երաշխավորում է, որ Բյուլբյուլօղլուն չի ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը ԵՄ-ն առավել մեծ աջակցություն կտրամադրի Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հիմնահարցերի լուծմանը Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հայոց բանակը մեր անկախության ամենաարժանի ծնունդն է Մերձավոր Արևելքի քաղաքական զարգացումները մոտ են Հայաստանին Արտասահմանյան երկրներից մասնագետներ հրավիրելու կարգն անհրաժեշտ է պահպանել Հայաստանում մեկնարկել են խաղողի մթերումները Բելգիայի ափերի մոտ հայտնաբերվել է I համաշխարհային պատերազմի սուզանավ՝ անձնակազմի 23 անդամով Նարեկ Սարգսյանը Ջերմուկում քննարկել է քաղաքի բարեկարգման ծրագրերը Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Արցախը մերժում է Էդվարդ Նալբանդյանին Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ Հայաստանի դեսպանները յուրաքանչյուր տարի ներդրումներ ներգրավելու աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը. ՀՀ վարչապետ Արման Նավասարդյանն Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանություն գտնելը պայմանավորում է երկու գործոնով Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Էրդողանին զայրացրել է իր թիկնապահներին զենք չվաճառելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan