Քաղաքական լուծումն այս պահին շատ հեռու է և, ցավոք, պետք է հարմարվել այն իրողությանը, որ 2014 թ. կա. Հ. Մելիք-Շահնազարյանը՝ Արցախի հիմնախնդրի մասին

Քաղաքական լուծումն այս պահին շատ հեռու է և, ցավոք, պետք է հարմարվել այն իրողությանը, որ 2014 թ. կա. Հ. Մելիք-Շահնազարյանը՝ Արցախի հիմնախնդրի մասին

Վերջին 3 տարիներին՝ 2014-ի օգոստոսից սկսած, մենք, ըստ էության, ապրում ենք լոկալ բախումների իրավիճակում: Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

Նա վստահեցրել է, որ բախումների շարունակականությունը տրամաբանական է, որովհետև հակամարտության շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացներին նայելիս՝ որևէ լավատեսություն չկա:

«Ըստ էության բանակցային գործընթացը փակուղում է, նման հանդիպումները, որոնցից մեկը եղավ երկու օր առաջ, որևէ խնդրի կամ հարցի պատասխան չեն տալիս»,-ասել է քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ՝ հանդիպման մասնակիցների համար մինչ հանդիպումն անգամ սպասելիքներն այդքան մեծ չէին: Ինչ-որ չափով, փորձագետի կարծիքով, հանդիպմանը ներկայանալը հարգանքի տուրք էր միջնորդներին, որոնք անընդհատ փորձում են ակտիվ լինել, սայլը տեղից շարժել և թույլ չտալ, որպեսզի բանակցային գործընթացի վերսկսման հույսն ընդհանրապես մարի:

«Որևէ տեղեկատվություն, որը կհուշեր, թե առաջընթաց է եղել կամ պայմանավորվածություններ են եղել, ցավոք սրտի, չկան: Միակ բանը, թերևս, այն է, որ սեպտեմբերին նոր հանդիպում կարող է լինել: Ընդ որում, նախագահների մակարդակով գագաթաժողով կազմակերպելու հրավերը, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից է արվել, երևի թե մոտ ապագայում չքննարկվի, որովհետև հակառակ պարագայում, սեպտեմբերին ակնկալելի կլիներ նախագահների հանդիպում»,-նկատել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ում կլինեն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նախագահները: Դրա համար դեռևս պետք է ֆիքսել, որ բանակցային գործընթացը փրկելու ինչ-որ փորձ է սա, որը հնարավորություն է տալիս որոշակի տրամադրություններ կամ հայկական կողմի դիրքորոշումներն ավելի հասկանալի դարձնել միջազգային հանրության համար, հատկապես միջնորդ երկրների համար, որից օգտվում է հայկական դիվանագիտությունը՝ ամեն անգամ համաձայնելով նոր հանդիպման:

«Հետաքննող մեխանիզմներ ներդնելու նպատակը քաղաքական զսպման մեխանիզմների ստեղծումն է: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության զսպման մասին է խոսքը: Միջնորդները, որքան էլ լավ տեղեկացված լինեն իրական դրության մասին, շարունակելով լինել միջնորդի իրենց ամպուլայի մեջ, մշտապես հենվում են այն փաստին, որ չունեն հստակ մեխանիզմներ՝ հստակ կողմնորոշվելու, հասկանալու, թե ով է առաջինը կրակել կամ ինչն է դարձել լարվածության պատճառը»,-նշել է քաղաքագետը:

Հիմա հայկական կողմը, ըստ նրա, փորձում է համանախագահների այսպիսի խոսակցությունը խուսափողական մոտեցումներից զրկել: Դրանից հետո հայկական կողմի պահանջները շատ ավելի հիմնավոր կլինեն՝ ուղղված Մինսկի խմբի համանախագահող երկրներին, օգտագործել իրենց քաղաքական ազդեցությունը՝ Ադրբեջանին զսպելու համար:

«Հիմնական նպատակն Ադրբեջանի ակտիվությունը զսպելն է: Բանակցային գործընթացում սա տեխնիկական հարց է, այն էլ ոչ թե նախագահների մակարդակի քննարկելու խնդիր, այլ կարծում եմ, փոխնախարարների քննարկելու խնդիր էլ չէ, որովհետև, ըստ էության, ոչ մի բան այնտեղ չկա, զուտ տեխնիկական լուծվելիք հարցեր են»,-կարծիք է հայտնել Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա պնդմամբ՝ անգամ հակասություններ կան այստեղ: Ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները չեն կարողանում համաձայնության գալ, այլ անգամ Ռուսաստանի, Միացյալ նահանգներ ու Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում:

«Քաղաքական լուծումն այս պահին շատ հեռու է և, ցավոք սրտի, պետք է հարմարվել այն իրողությանը, որ 2014 թ. կա»,-նշել է քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում