Չենք կարող ակնկալել, որ նախարարների հանդիպումից հետո Ադրբեջանի վարքագծում ինչ-որ բան կփոխվի. Միհրան Հակոբյան

Չենք կարող ակնկալել, որ նախարարների հանդիպումից հետո Ադրբեջանի վարքագծում ինչ-որ բան կփոխվի. Միհրան Հակոբյան

Չենք կարող ակնկալել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Բրյուսելում երեկ կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի վարքագծում գոնե այս փուլում ինչ-որ բան կփոխվի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք նախարարների հանդիպումից հետո սահմանային լարվածությունը կնվազի՝ հաշվի առնելով նաև այն, որ հանդիպման նախօրեին հայկական կողմը հակառակորդի գործողությունների արդյունքում զոհ ունեցավ: Միհրան Հակոբյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը վստահելի չէ բանակցային գործընթացում, դրանում միջնորդներն էլ համոզվել են:

«2014թ-ի լարվածությունից հետո, երբ Սոչիում տեղի ունեցավ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը ՌԴ նախագահի միջնորդությամբ, լարվածությունը ոչ կերպ չնվազեց։ Այսինքն` Ադրբեջանն իր պարտավորվածությունները չի կատարում, չի հարգում 1994թ-ի զինադադարի պայմանագիրը: 2016թ-ի ապրիլյան ռազմական գործողություններից հետո առնվազն երկու անգամ հանդիպում է տեղի ունեցել Սարգսյանի և Ալիևի միջև, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որ պետք է մեխանիզմներ ներդրվեն՝ վերահսկելու, կանխելու սահմանային միջադեպերը և մեղավորները պատժվեն, բայց մինչև այսօր Ադրբեջանը դա չի կատարում: Էական էր, որ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարարը հստակ շեշտել էր, որ պետք է հարգվեն Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները»:

Անկախ Ադրբեջանի վարքագծից, պատգամավորը Հայաստանի մասնակցությունը բանակցային գործընթացին կարևոր է համարում, քանի որ հակառակորդը փորձում է վիժեցնել այն:

«Պայմանավորվածությունները պահելու մասով Ադրբեջանը շահագրգռվածություն չունի, Ադրբեջանը սահմանին զբաղված է սադրանքներով , զբաղված է զինադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներով , փաստացի ահաբեկչական պատերազմով: Կարևորում եմ այն, որ այդ հանդիպումներում ամենաբարձր մակարդակով միջազգային լրջագույն դերակատարների՝միջնորդների մասնակցությամբ այդ հարցը պարբերաբար հնչեցվում է: Այսինքն` մենք կարողանում ենք Ադրբեջանին մղել դեպի ապակառուցողական դաշտ, որտեղ Ադրբեջանը փաստացիորեն պարտվում է, որովհետև չես կարող միջազգային պայմանավորվածություններ անընդհատ ստանձնել և անընդհատ դրանք խախտել, դառնում ես անլուրջ գործոն, որի հետ սկսում են հաշվի չնստել։ Իսկ մենք պայմանավորվածությունները հստակ կատարում ենք»,-ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ 2016-ի ապրիլից հետո հայկական կողմի դիրքորոշումը կոշտացել է, նաև իրականացնում ենք խիստ պատժիչ գործողություններ՝ Միհրան Հակոբյանն ասաց, որ հայկական կողմը չի կոշտացրել իր մոտեցումները, պատժիչ գործողություններ էլ միշտ եղել են՝ ի պատասխան մյուս կողմի նախահարձակ գործողությունների:

«Չես կարող բանակցություններ վարել մի կողմի հետ, որն անընդհատ կրակում է, կրակոցների պայմաններում երկկողմ պատերազմ է վարվում սիմբիոզ իրավիճակում. հայկական կողմը ապրիլյան մարտական գործողություններից հետո հստակ դրել է խնդիրը՝ մինչ Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները չկասեցվեն և չլինեն միջազգայնորեն ամրագրված մեխանիզմներ, որոնք դիտարկում կանեն և կասեն՝ ով է սադրողը, ով է կրակողը, բանակցությունները, ըստ էության արդյունավետ չեն։ Մենք չենք հրաժարվում բանակցությունների ձևաչափից, էությունից և բովանդակությունից։ Հայկական կողմը ասում է՝ չես կարող բանակցել այն իրավիճակում, երբ հակառակ կողմը մարտական գործողություններ է կատարում»,-ընդգծեց նա:

Միհրան Հակոբյանը նաև շեշտեց, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողությունների չի գնա, փորձում է մաշեցնող մարտավարություն կիրառել:

Մանրամասները՝տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում