ՀՅԴ-ն դժգոհ չէ Շիրակի և Արագածոտնի նախկին մարզպետների աշխատանքից

ՀՅԴ-ն դժգոհ չէ Շիրակի և Արագածոտնի նախկին մարզպետների աշխատանքից

Շիրակի և Արագածոտնի ՀՅԴ-ական արդեն նախկին մարզպետներ Հովսեփ Սիմոնյանն ու Գաբրիել Գյոզալյանն անցել են այլ աշխատանքի և ՀՅԴ-ն նրանց աշխատանքից դժգոհ չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը: «Նախկին մարզպետներն անցել են այլ աշխատանքի, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման պետք է տվյալ մարդը համապատասխան պաշտոնում երկար մնա: Կոալիցիայի սկզբնական փուլում փորձառու մարդիկ էին անհրաժեշտ՝ անցումային խնդիրները կարգավորելու համար, իսկ այժմ կադրերի երիտասարդացման կարիք կա: Նախորդ մարզպետների աշխատանքից դժգոհելու հարցեր չեն եղել»,- ասաց Մկրտչյանը:

ՀՅԴ-ի որոշմամբ՝ Շիրակի մարզպետի պաշտոնում Հովսեփ Սիմոնյանին փոխարինել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանը, իսկ Արագածոտնի մարզպետի պաշտոնում Գաբրիել Գյոզալյանին՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում