ԵԽ պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել սեփական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը

ԵԽ պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել սեփական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարեկ Յուրեկը՝ Լեհաստանից և Կոստաս Մավրիդասը՝ Կիպրոսից կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել սեփական խաղաղ բնակչությանը օգտագործել որպես կենդանի վահան և շփման գծում ներդնել ԵԱՀԿ անկախ հետաքննական մեխանիզմ: «2017 թվականին Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են խախտել շփման գծում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանը բնակելի տարածքում տեղադրել է բազմակողմանի հրթիռային համակարգ, ինչի հետևանքով նրա սեփական քաղաքացիները դարձել են կենդանի վահան: Միջադեպը հանգեցրել է ադրբեջանական կողմի երկու քաղաքացիական անձանց ողբերգական կորստի: Մենք ցավում ենք երկու անմեղ զոհերի համար և ընդգծում, որ ինչպես այդ ողբերգությունից, այնպես էլ զինված ուժերի միջև մյուս բախումներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը համաձայներ ներդնել հետաքննության անկախ մեխանիզմ, որպեսզի հստակեցվի, թե կողմերից որ մեկն է խախտում հրադադարի ռեժիմը: ԵԱՀԿ Մինսկի խումբը դա առաջարկել է մի քանի անգամ: Հայկական կողմը համաձայնել է ներդնել այդ մեխանիզմը: Ցավոք, պաշտոնական Ադրբեջանը շարունակում է այն մերժել»,- ասված է եվրոպացի պատգամավորների հայտարարության մեջ:

Նրանք ընդգծել են, որ հետաքննության մեխանիզմը կարող էր օգնել խուսափել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, որի ընթացքում Ադրբեջանը գնդակոծել է հայկական գյուղերը, ինչի արդյունքում զոհվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը՝ դպրոց գնալու ճանապարհին:

«Թալիշ գյուղում 90-ամյա ամուսինների դիերը դաժանաբար խոշտանգվել են ադրբեջանական ուժերի կողմից, նրանց ականջները եղել են կտրված: 2016-ի ապրիլից ադրբեջանական զինված ուժերը իրականացրել են ռազմական հանցագործություններ, այդ թվում «Իսլամական պետության» ոճով գլխատվել է հայ զինվոր Քյարամ Սլոյանը: Նրա կտրված գլխի նկարներն ադրբեջանական կողմը տեղադրել է սոցիալական ցանցերում, իսկ այդ դաժան սպանությունը ընդունվել է որպես հերոսական գործողություն: Այդ բարբարոսական գործողությունները, ցավոք, հանդիսանում են Ադրբեջանում հայատյացության հետևանք՝ բարձրագույն մակարդակով սնուցված գործողություններ, ինչպիսիք են Ռամիլ Սաֆարովի կողմից իր հայ գործընկերոջը կացնահարելը Բուդապեշտում, նույն Սաֆարովին Ադրբեջանում որպես ազգային հերոս ընդունելը»,- փաստել են պատգամավորները:

Կոստաս Մավրիդասը և Մարեկ Յուրեկը նշել են, որ հակամարտության կողմերի կորուստները ողբերգություն են և դրանք պետք է բացարձակ կերպով կանխվեն: «Անթույլատրելի է բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան՝ օգտագործելով բնակեցված տարածքներ, ապա քարոզչական նպատակով լուսանկարներ տարածելով: Հետաքննության մեխանիզմը պետք է անհապաղ ներդնել: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սեփական բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան և ներդնել ԵԱՀԿ անկախ հետաքննության մեխանիզմ, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների և փոխվստահության համար»,- նշել են եվրոպացի պատգամավորները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում