Պետականաշինության գործընթացի նման լուսավոր կետերը գնահատել է պետք, ոչ թե փնովել. Միհրան Հակոբյան

Պետականաշինության գործընթացի նման լուսավոր կետերը գնահատել է պետք, ոչ թե փնովել. Միհրան Հակոբյան

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ Դանիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին։

«Ալեքսանդր Արզումանյանը Հայաստանի պետականության կայացման ամենաբարդ ու պատերազմական տարիներին ՀՀ դեսպանն է եղել ՄԱԿ-ում, հետո ԱԳ նախարարն է եղել, գաղափարական պատճառներով հրաժարականի դիմում է ներկայացրել ու երկար տարիներ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել, 2008-ին ԼՏՊ նախընտրական շտաբի պետն է եղել, հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավոր…

Ու երբ իրերի դասավորմամբ քաղաքական գործընթացներից դուրս է մնում և իրեն պետության ղեկավարը դեսպանի պաշտոն է առաջարկում, ինքն էլ համաձայնվում է, ապա դա խոսում է ազգային-պետական առողջ ու հասուն մոտեցումների մասին` համ առաջարկության, համ էլ համաձայնության համատեքստում:

Երբ միջանձնային հարաբերությունները, քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները մի կողմ են դրվում, և որոշվում է նման տրամաչափի գործչի գիտելիքն ու փորձը ծառայեցնել պետության շահին, ապա դա նոր որակի պետական կառավարման ու պետական շահի գիտակցման նոր մակարդակի մասին է խոսում: Գաղջ մթնոլորտում պետականաշինության գործընթացի նման լուսավոր կետերը գնահատել է պետք, ոչ թե փնովել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում