Աշոտ Մանուկյանը Moody’s-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավման խնդիրները

Աշոտ Մանուկյանը Moody’s-ի պատվիրակության հետ քննարկել է  Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավման խնդիրները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Moody’s միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակությանը՝ Սինգապուրում ընկերության ներդրողների ծառայության սուվերեն ռիսկերի խմբի վերլուծաբան Մեթյու Սրքոստայի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ընդերքի, էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտներում իրականացվող աշխատանքները, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մեր երկրի սուվերեն վարկանիշի ձևավորման վրա։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խոսելով հանքարդյունաբերության ոլորտի մասին՝ նշվել է, որ Հայաստանը դիմել է անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը: «Վստահ եմ, որ դա էական դրական ազդեցություն կունենա Հայաստանի սուվերեն վարկանշի վրա»,-ընգծել է նախարարը։

Դրան զուգահեռ իրականացվում է ընդերքի մասին առկա ողջ տեղեկատվության թվայնացում և ինտերնետ հասանելիության ապահովում։ Այս ուղղությամբ աշխատանքները կավարտվեն տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, ինչից հետո ողջ տեղեկատվությունը հասանելի կլինի բոլորի համար։ Փոփոխություններ են նախապատրաստվում նաև ընդերքի մասին օրենսդրության մեջ, որով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն իրականացնել միայն բաց և թափանցիկ աճուրդների միջոցով։

Ներկայացնելով էներգետիկ ոլորտի ծրագրերը՝ Աշոտ Մանուկյանն առանձնացրել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Նշվել է, որ Հայաստանը ազատականացման ճանապարհով է գնում նաև ջրային տնտեսության ոլորտում։

Պատասխանելով էներգետիկ կայանների, մասնավորապես ՀԱԷԿ-ի սեյսմակայունության վերաբերյալ պատվիրականության անդամների հարցին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այդ առումով առաջիներից է աշխարհում։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների վարկանիշավորման հնարավորության վերաբերյալ հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում