Լավ գումար ունենալու պարագայում Թուրքիայից շատ հեշտ է փախչելը. Սևան Նիշանյան

Լավ գումար ունենալու պարագայում Թուրքիայից շատ հեշտ է փախչելը. Սևան Նիշանյան

Թուրքիայում բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը հայտնել է, որ իրականում այդ երկրում փախուստ կազմակերպելը շատ հեշտ է, եթե դու ունես զգալի քանակությամբ գումար: Մտավորականի հետ կապ է հաստատել թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Ինչպես տեսնում եք, լավ գումարի առկայության դեպքում բոլորն էլ կարող են փախչել: Կառույցներում եթե գումարը տաս անվտանգությանը, շատ հանգիստ կարող ես փախչել»,- ասել է մտավորականը:

Նիշանյանը հրաժարվել է ասել, թե որտեղ է գտնվում՝ Թուրքիայո՞ւմ, թե՞ դրա տարածքից դուրս: Նա նշել է, որ 48 ժամ սպասելու կարիք չկա: «Այս պահից սկսած ինձ կարող են ընդունել որպես փախուստի մեջ գտնվող անձի»,- ասել է լեզվաբանը:

Թուրքական մյուս լրատվամիջոցների հետ զրույցում պոլսահայ մտավորական Նիշանյանը խոստացել է, որ երբ ժամանակը գա, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից: Խոսելով այն մասին, թե ինչու է նման որոշում կայացրել՝ 2014 թվականից ազատազրկման մեջ գտնվող լեզվաբանն ասել է. «Մտածեցի, որ 3.5 տարին արդեն բավական է, եկել է ժամանակը, երբ պետք է շունչ քաշել: Սա է ամենը: Նման պայմաններում որոշում կայացրեցի Թուրքիայի թերություններից օգտվելով դուրս գալ պետության վերահսկողության տարածքից»:

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել: Նախնական տեղեկություններով՝ Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ հետ չի վերադարձել:

Ուշագրավ է, որ նրա թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում, որտեղ ասվում է. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»:

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում