AM | RU
USD
EUR
RUB

Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավորը Հայաստանի հետ առեւտրաշրջանառությունը գոհացուցիչ չի համարում

Հայաստանն այս տարի նշում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Երկրների ցանկում է նաեւ Կիպրոսը։ 25 տարիների երկկողմ հարաբերություններում գրանցած հաջողությունների, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների, Կիպրոսի հայ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի հետ։

-Պրն Մահտեսյան, այս տարի լրանում է Կիպրոսի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ի՞նչ զարգացումներ են գրանցվել երկկողմ հարաբերություններում այս տարիների ընթացքում եւ ի՞նչ մակարդակի վրա են նրանք գտնվում այսօր:

-Անցնող 25 տարիների ընթացքում այս հարաբերությունները հետզհետե աճել ու սերտացել են եւ ներկայումս գտնվում են բարեկամության եւ գործակցության բարձր մակարդակի վրա: Այս ժամանակաշրջանում երկու կառավարությունների կողմից ավելի քան 25 համաձայնագրեր են ստորագրվել։

-Կիպրոսն ու Հայաստանն այսօր համագործակցում են մի շարք ոլորտներում` քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական և այլն: Կցանկանայի՝ անդրադառնայիք նաեւ այն հարցին, թե որ մակարդակում է գտնվում համագործակցությունը տվյալ ոլորտներում առանձին-առանձին: Նաեւ երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Կիպրոսի եւ Հայաստանի գործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ: Քաղաքական ոլորտում կարելի է նշել երկու պետությունների սփյուռքների միջեւ գործակցության համաձայնությունը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշմանը զորակցող հայտարարությունները կիպրոսցի նախարարների կողմից: Հատկանշական էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Կիպրոսի կառավարության ամբողջական մասնակցությունը Երեւանում կազմակերպված միջոցառումներին նախագահի, խորհրդարանի նախագահի եւ այլ բարձրաստիճան պետական այրերի մակարդակով: Ռազմական ոլորտի կապակցությամբ պետք է ասել, որ ՀՀ-ում Աթենքի դեսպանության ռազմական կցորդը նույն պաշտոնն է զբաղեցնում նաեւ Կիպրոսում, իսկ վերջերս ընդունեցինք Հայաստանի պաշտպանության նախարարին, ում հետ քննարկվեցին երկու երկրներին վերաբերող կարեւոր հարցեր: Մշակութային ոլորտում գործունեությունը բավականին ընդլայնված է։ Մեր նախաձեռնությամբ գրեթե ամեն տարի Հայաստանից հրավիրվում են բարձրակարգ արվեստագետներ, ովքեր ելույթ են ունենում լեցուն սրահներում: Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդես, որի բացումը կատարեցին երկու խորհրդարանների նախագահները: Երկու երկրների կողմից հրատարակվեց նաեւ հատուկ նամականիշ, որը կրում է Մելքոնյան կրթական հաստատության նկարը: Կրթական ոլորտում կարեւոր է նշել, որ վերջերս Հայաստան այցելեց Կիպրոսի համալսարանի ռեկտորը, ով համագործակցության կարեւոր համաձայնություններ ստորագրեց Երեւանի պետական, ինչպես նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանների հետ: Կցանկանամ նշել, որ բոլոր այս ոլորտներում եւ մանավանդ տնտեսական համագործակցության ընդլայնումը կարող է ավելի արագ զարգանալ, եթե մեր երկու երկրների միջեւ մշտական ուղիղ թռիչքներ գործեն։

- Ձեր ունեցած վերջին տվյալներով որքա՞ն է առևտրաշրջանառության ծավալը, ո՞ր ոլորտներում է իրականացվում ապրանքաշրջանառություն, և արդյո՞ք գոհացուցիչ են առկա թվերը: Կցանկանայի՝ անդրադառնայինք նաեւ ներդրումային ոլորտում նախանշված ծրագրերին։

-Դժբախտաբար, առեւտրաշրջանառության ծավալը գոհացուցիչ չէ: Օրինակ՝ 2014-2016 թվականներին միջին հաշվով տարեկան ներմուծումը Հայաստանից կազմել է 10.000 եվրո, իսկ դեպի Հայաստան արտահանումը դարձյալ միջին հաշվով տարեկան՝ 600.000 եվրո: Ներդրումային ոլորտում դեռեւս նշանակելի ծրագրեր չկան։

-Հայաստանի եւ Կիպրոսի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ի ՞նչ հնարավորություններ կան: Արդյո ՞ք նախանշված են կոնկրետ ուղղություններ:

-Զբոսաշրջության զարգացման տեսանկյունից լայն հնարավորություններ կան, սակայն ուղիղ թռիչքների բացակայությունը եւ վիզայի որոշ դժվարությունները արգելք են հանդիսանում: Aegean-ի չվերթների մեկնարկը դրությունը որոշ չափով բարելավեց: Կիպրոսի զբոսաշրջիկների խմբեր կարելի է ուղարկել, սակայն Հայաստանը պետք է հնարավորություններ ստեղծի, դժվարությունները հարթի եւ ծանուցողական աշխատանք տանի:

-Իսկ ըստ Ձեզ՝ Հայաստանում ի՞ նչն է գրավում Կիպրոսի զբոսաշրջիկներին և հակառակը, հայ զբոսաշրջիկներին` Կիպրոսում:

-Հայաստանի առավելություններն են՝ թանգարանները, մշակույթի կոթողները, մշակույթը, արվեստը եւ բնական գեղեցկությունները: Իսկ Կիպրոսը կարող է մատուցել իր ծովափերը, բնությունը, հանդարտ ապրելակերպն ու հաճելի ժամանցը: Այստեղ կարեւոր է ընդգծել երկու ժողովուրդների մտածելակերպի նմանությունները, որով նրանք կարող են երկու երկրների մեջ էլ իրենց տանը զգալ։

- Պարոն Մահտեսյան, ի ՞նչ կասեք Կիպրոսում հայ համայնքի վերաբերյալ. այն ինչպիսի՞ դերակատարում ունի Կիպրոսի զարգացման գործում:

-Կիպրոսի հայ համայնքը փոքր, սակայն կազմակերպված եւ աշխույժ է: Կիպրահայերը երկրի զարգացման գործում դերակատարություն են ունեցել եւ անցյալում, եւ այսօր: Հայերը փայլում են բոլոր ոլորտներում ու դեպի աշխարհի զանազան երկրներ ուղարկված պատվիրակությունների կազմում պատվով են ներկայացնում Կիպրոսը արվեստի, տնտեսության եւ այլ ոլորտներում:

-Որքա ՞ն է հայերի թիվը, կոնկրետ ո՞ր ոլորտներում են գործունեություն ծավալում:

-Կիպրոսի հայ համայնքի թիվը շուրջ 3.500 է, մեծամասնությունը մայրաքաղաք Նիկոսիայում է, մնացածը՝ Լառնակայի, Լիմասոլի եւ Պաֆոսի ծովամերձ քաղաքներում: Հիմնականում նրանք վաճառականներ են, բժիշկներ, արհեստավորներ եւ պաշտոնյաներ մեծ հաստատություններում։

-Իսկ ի՞նչ է նախատեսված Կիպրոսում 2017 թվականի օրակարգում՝ կապված հայերին առնչվող հարցերի հետ, ի՞նչ միջոցառումներ են սպասվում առաջիկայում:

-Կիպրոսի համար 2017-ի կարեւորագույն օրակարգը կիպրական հարցի բանակցությունների ներկա փուլն է, որ վերջերս կայացավ Շվեյցարիայում ՄԱԿ-ի հովանու ներքո: Դժբախտաբար, չկարողացան ինչ-որ լուծման հասնել, սակայն հուսով ենք, որ համապատասխան լուծում գտնելու պարագայում հայ համայնքի իրավիճակը եւս կարգավորված կլինի նոր սահմանադրության մեջ: Ինչ վերաբերում է համայնքային ներքին կյանքին, մեր համայնքում գործում են համահայկական կազմակերպությունների տեղական մասնաճյուղերը՝ ՀՄԸՄ-ՀԵՄ, ՀԲԸՄ, Համազգային, ՀՕՄ, որոնք աշխույժ գործունեություն են իրականացնում եւ յուրաքանչյուրն իր ոլորտում՝ մշակութային, մարզական, սկաուտական, բարեգործական, երիտասարդական եւ պատանեկան գործունեությամբ ձգտում են կենդանի պահել հայ համայնքի հայախոս նկարագիրը:

 

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

Լրահոս
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ «Հրապարակ». Արմեն Ամիրյան. Թումանյանի թանգարանը համաձայնություն չի ունեցել նման ցուցադրություն կազմակերպելու «Փաստ». «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցներն անժամկետ նստացույցի են պատրաստվում «Ժամանակ». Բրազիլահայերը դժգոհ են դեսպանից «Առավոտ». ԵԽԽՎ-ում հետաձգվել է հակահայկական զեկույցի ընդունումը «Հայկական ժամանակ». ԲՀԿ-ից պարզաբանել են՝ ինչու Ծառուկյանը չի մասնակցել Հայաստան-Սփյուռք համաժողովին «Հրապարակ». Դատարանի նախագահը «դեբոշ» է սարքել «Իրավունք». Գորիսի նոր քաղաքապետը Լիսկայի սրտով չէ «Ժողովուրդ». Արցախից արձագանքում են Նալբանդյանին. «Վերադարձ անցյալին չկա` թե՛ սահմանների, թե՛ կարգավիճակի առումով» «Ժողովուրդ». Դատական համակարգում լարվածությունը մեծանում է ՀՀ Նախագահը բարձր է գնահատել ԿԽՄԿ ջանքերը ԼՂ հակամարտության հումանիտար հարցերի լուծման գործում «Ժամանակ». Վարդևան Գրիգորյանը և Սերգեյ Բագրատյանը ման­դատ ձեռք բերելուց հետո նաև ՀԷԿ-եր են ձեռք բերել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 20 Սերժ Սարգսյան. «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի» Թրամփը մեղադրել է Հյուսիսային Կորեայի իշխանություններին միլիոնավոր մարդկանց սպանելու մեջ Արցախն արժանի է միջազգային ճանաչման. կոնգրեսական Փալոուն ԱՀ Նախագահը մեդալով է արժեվորել Արցախի ճանաչման գործում ԱՄՆ երեք կոնգրեսականների ավանդը ԱՀ ԱԺ նախագահը եվրոպացի լրագրողներին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներն ու մարտահրավերները Հանոյում ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել ՀՀ ԱԳ փոխնախարարը ողջունել է հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակի միջազգային գիտաժողովի մասնակիցներին ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումները Արմեն Աշոտյանը Սփյուռքից ավելի մեծ ջանքեր է ակնկալում արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ Շավարշ Քոչարյանը երաշխավորում է, որ Բյուլբյուլօղլուն չի ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը ԵՄ-ն առավել մեծ աջակցություն կտրամադրի Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հիմնահարցերի լուծմանը Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հայոց բանակը մեր անկախության ամենաարժանի ծնունդն է Մերձավոր Արևելքի քաղաքական զարգացումները մոտ են Հայաստանին Արտասահմանյան երկրներից մասնագետներ հրավիրելու կարգն անհրաժեշտ է պահպանել Հայաստանում մեկնարկել են խաղողի մթերումները Բելգիայի ափերի մոտ հայտնաբերվել է I համաշխարհային պատերազմի սուզանավ՝ անձնակազմի 23 անդամով Նարեկ Սարգսյանը Ջերմուկում քննարկել է քաղաքի բարեկարգման ծրագրերը Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Արցախը մերժում է Էդվարդ Նալբանդյանին Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ Հայաստանի դեսպանները յուրաքանչյուր տարի ներդրումներ ներգրավելու աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը. ՀՀ վարչապետ Արման Նավասարդյանն Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանություն գտնելը պայմանավորում է երկու գործոնով Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Էրդողանին զայրացրել է իր թիկնապահներին զենք չվաճառելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan