Ութսուն միլիոն բանտարկվածներ ապրում են այդ հոգեբուժարանից փախչելու երազանքով. Նիշանյան

Ութսուն միլիոն բանտարկվածներ ապրում են այդ հոգեբուժարանից փախչելու երազանքով. Նիշանյան

Թուրքիայի Ֆոչայի բանտից փախուստի դիմած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, ում գտնվելու վայրը շարունակվում է անհայտ մնալ, նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Կարծում եմ՝դարձա երկրի զգացմունքների թարգմանիչը: Ութսուն միլիոն բանտարկվածներ ապրում են այդ հոգեբուժարանից փախչելու երազանքով»,- գրել է Նիշանյանը:

Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ:

Քանի որ լեզվաբանը 48 ժամվա ընթացքում հրաժարվել էր հանձնվել, նրան հուլիսի 16-ի առավոտից հայտարարել են փախուստի մեջ գտնվող:

Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով, որում ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (խմբ.- Թուրքիայի բնակչության թիվը մոտ 80 մլն է):

Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում պոլսահայ մտավորական Նիշանյանը խոստացել էր, որ երբ ժամանակը գա, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից: Խոսելով այն մասին, թե ինչու է նման որոշում կայացրել՝ 2014 թվականից ազատազրկման մեջ գտնվող լեզվաբանն ասել էր. «Մտածեցի, որ 3.5 տարին արդեն բավական է, եկել է ժամանակը, երբ պետք է շունչ քաշել: Սա է ամենը: Նման պայմաններում որոշում կայացրեցի Թուրքիայի թերություններից օգտվելով դուրս գալ պետության վերահսկողության տարածքից»:

«Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Ինչպես տեսնում եք, լավ գումարի առկայության դեպքում բոլորն էլ կարող են փախչել: Կառույցներում եթե գումարը տաս անվտանգությանը, շատ հանգիստ կարող ես փախչել»,- ասել էր մտավորականը:

Նիշանյանը հրաժարվել էր ասել, թե որտեղ է գտնվում՝ Թուրքիայում, թե դրա տարածքից դուրս: Նա նշել էր, որ 48 ժամ սպասելու կարիք չկա: «Այս պահից սկսած ինձ կարող են ընդունել որպես փախուստի մեջ գտնվող անձ»,- ասել էր լեզվաբանը:

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում