Քրդերը հայտարարել են, որ ալ Բաղդադին ողջ է

Քրդերը հայտարարել են, որ ալ Բաղդադին ողջ է

Քրդական հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանին հայտարարել է, որ «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին, ամենայն հավանականությամբ, ողջ է եւ գտնվում է Ռաքա քաղաքից հարավ, հաղորդել է Reuters գործակալությունը: Թալաբանին գործակալությանը հայարարել է, որ դրանում վստահ է 99 տոկոսով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ այն մասին, թե ալ Բաղդադին թաքնվում է Ռաքայի արվարձանում, հայտարարել է Իրաքի տեղեկատվության եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչության ղեկավար Աբու Ալի ալ Բասրին: Այդ քաղաքը մինչ օրս մասնակիորեն գտնվում է զինյալների վերահսկողության ներքո:

Հուլիսի 11-ին Իրաքի «Սումարիա նյուզ» նորությունների պորտալը հաղորդել էր, որ ԻՊ-ի աղբյուրը խոստովանել է ալ Բաղդադիի մահը: Խմբավորման հայտարարության մեջ ասված էր, որ մոտ ժամանակներս կհայտարարվի նրա հաջորդի անունը: Պարագլխի մահվան մասին ոչ մի կարգի մանրամանություններ խմբավորումը չէր բերել:

Ավելի վաղ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, թե ալ Բաղդադին կարող է ոչնչացված լինել մայիսի 28-ին Ռաքայի հարավային արվարձանում Ռուսաստանի օդա-տիեզերական ուժերի հարվածի հետեւանքով:

Ալ Բաղդադին, իսկական անունը՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ Բադրի, առաջին անգամ հանրության առջեւ է հայտնվել 2014 թվականի հուլիսին, երբ նվաճված Մոսուլ քաղաքի մզկիթից հռչակեց Մերձավոր Արեւելքում «իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին: Այդ ժամանակվանից ի վեր զանգվածային լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ տեղեկատվություն են հրապարակել նրա վերացման մասին, բայց այն հաստատում չի գտել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում