Հայոց լեզուն ու մշակույթն ուսումնասիրելու նպատակով 6 օտարազգի ուսանող է ժամանել Հայաստան

Հայոց լեզուն ու մշակույթն ուսումնասիրելու նպատակով 6 օտարազգի ուսանող է ժամանել Հայաստան

Հայերենը, հայկական մշակույթն ու քաղաքական դրությունն ուսումնասիրելու նպատակով 6 օտարազգի ուսանող եկել է Հայաստան՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում: Նրանք կարող են կամուրջ հանդիսանալ Հայաստանի և իրենց երկրների միջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կրթության և գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը:

«Օտարերկրացի ուսանողների Հայաստան գալը նորություն է այս տարի: Նման ցանկություն հայտնել էին օտարերկրյա համալսարանների հայ դասախոսները նախորդ տարվա խորհրդաժողովում: Նրանք տեղեկացրել էին, որ կան բավականին շատ երիտասարդներ, որոնք ուսումնասիրում են հայերենն արտասահմանում, սակայն նրանց համար չկա որևէ ծրագիր: Առանձին ծրագիր ենք կազմել և դիմել նույն դասախոսներին, որոնք նախորդ տարի առաջարկն արել էին: Ակտիվ արձագանքել են երկուսը՝ Ռումինիայից Աիդա Մարկոսյանը և Դոնարա Մկրտչյանը՝ Սանկտ Պետերբուրգից»,-ասաց Թամարա Զալինյանը:

Նրա խոսքով՝ եկել են 6 ուսանողներ՝ 4-ը՝ Սանկտ Պետերբուրգից, 2-ը՝ Ռումինիայից: Հայերենին տիրապետում են շատ թեթև, կարողանում են նաև որոշակիորեն կարդալ: Նրանց համար կա առանձին ուսումնական պլան, ուսումնասիրում են լեզուն, մշակույթը, քաղաքական իրավիճակը: Ծրագիրն իրականացվում է փորձնական՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով նաև ուսումնասիրել դաշտը:

Անդրեա Բարբը մեկն է այդ ուսանողներից: Անդրեան եկել է Ռումինիայից: Ծրագրի մասին լսել է համալսարանում իր հայերենի դասախոսից ՝ Աիդա Մարկոսյանից: «Սա իսկապես շատ օգտակար է, քանի որ ես սովորում են լեզվաբանություն, ինչպես նաև Հայաստանի հետաքրքիր մշակութային հարստության մասին: Ես իսկապես սիրեցի այս լեզուն, մշակույթը: Ինձ հատկապես հետաքրքրում է հնչյունաբանությունը, շատ հարուստ են հայերենի հնչյունները»,- ասաց Անդրեան ու հավելեց, որ հաջորդ անգամ նորից է գալու Հայաստան՝ խորացնելու հայերենի իր գիտելիքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում