Մեր անվտանգության բանաձևը

Մեր անվտանգության բանաձևը

Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման թեման բավական զգալի տեղ էր զբաղեցնում «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցում։ Հատկանշական է, որ հարցազրույցում անվտանգության խնդրին համակողմանի անդրադարձը պարունակում է կարևոր շեշտադրումներ, իսկ առանձին հարցերի հետ կապված՝ մեր դիրքորոշումը հստակեցնող թեզեր: Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ նման «պարզաբանող» հարցազրույցը բավական պահանջված էր, եթե հաշվի առնենք, որ բարձրաձայնված շատ հարցեր գտնվում են հանրային ուշադրության կենտրոնում:

Հարցազրույցի՝ անվտանգության խնդիրներին առնչվող հատվածի տրամաբանության անկյունաքարը բավական հստակ է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը հենց հայկական զինված ուժերն են: Հենց այս բանաձևի վրա է հիմնվում ռազմաքաղաքական տարբեր հարցերի հետ կապված մեր դիրքորոշումը:

Հենց այս տրամաբանության վրա է հիմնվում նաև նախագահի կողմից ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, սպառազինությունների համալրման գործընթացի ներկայացումը: Միևնույն ժամանակ նկատելի է, որ ներկայիս իրավիճակի, կարողությունների գնահատականը բավական իրատեսական է, ինչը թերևս պայմանավորված է նախագահի՝ նախկինում ուժային տարբեր գերատեսչությունների ղեկավարման փորձով:

Վերոնշյալ նույն սկզբունքը կարելի է նկատել նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում պարբերաբար տեղի ունեցող սրացումների հետ կապված ՀԱՊԿ-ի դիրքորոշման մասին անդրադարձում: Չնայած հանրային շրջանակներում երբեմն հնչում են անձնական կարծիքներ, որ ՀԱՊԿ-ը պետք է առավել կոշտ արձագանքի, այնուամենայնիվ պաշտոնական Երևանը բավարար է գնահատում ՀԱՊԿ-ի որդեգրած դիրքորոշումը, ինչն արտահայտվում է նաև նրա կողմից ընդունված հայտարարություններում: Ըստ նախագահի՝ ՀԱՊԿ-ում ամրապնդվել է այն դիրքորոշումը, որ Արցախում ԼՂՀ ՊԲ-ն է և ոչ թե Հայաստանի Զինված ուժերը: Նման դիրքորոշումը առավել քան տրամաբանական է՝ հաշվի առնելով ԼՂՀ սուբյեկտայնության ճանաչման և բարձրացմանն ուղղված հայկական կողմերի ջանքերը:

ՀՀ և Արցախի անվտանգության վերաբերյալ ցանկացած քննարման շրջանակներում, բնականաբար, անհնար է շրջանցել ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստը, ինչը բավական զգայուն խնդիր է դարձել հայ-ռուսական համատեղ օրակարգում: Նախագահի կողմից բավական հստակ է ներկայացված հայկական կողմի մտահոգությունը տվյալ հարցի հետ կապված: Թերևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Բաքվին ռուսական զենքի վաճառքը ստեղծում է մի շարք մարտահրավերներ՝ սկսած ռազմականից մինչև հոգեբանական: Ըստ նախագահի՝ ստեղծված բարդ իրավիճակում, բնականաբար, պետք է շարունակել աշխատանքը ռուսական կողմի հետ հնարավոր մատահրավերների նվազեցման համար, մյուս կողմից՝ կարևորվում է զգացմունքներին չտրվելու և սառը դատելու խնդիրը: Ներկայացված մոտեցումը բավական իրատեսական է, քանի որ հստակ այլընտրանքների բացակայության պայմաններում սխալ հաշվարկված ցանկացած քայլ կարող է ստեղծել առնվազն Հայաստանի մեկուսացման վտանգներ:

Ամփոփելով կարող ենք նշել, որ նախագահի հարցազրույցում անվտանգային հիմնախնդիրներին անդրադարձը հիմնված է ռացիոնալ, իրատեսական մոտեցումների վրա, միևնույն ժամանակ՝ հաշվի առնող հանրության շրջանում առկա տրամադրությունները:

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ՝ Նարեկ ՄԻՆԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում