Ճամբարակի տարածքում կաթի մթերման գները նախորդ տարվա համեմատ բարձր են եւ շահավետ

Ճամբարակի տարածքում կաթի մթերման գները նախորդ տարվա համեմատ բարձր են եւ շահավետ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում եւ տարածքի համայնքներում կաթի մթերման գները նկատելիորեն բարձր են նախորդ տարվա ամռան ամիսների համեմատ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, քաղաքում գործող տնտեսություններից կաթ մթերում են մի քանի կազմակերպություններ, ինչը նպաստում է ոչ միայն մրցակցության ծավալմանը, այլ նաեւ՝ կաթի մթերման գների բարձրացմանը եւ տնտեսությունների համար շահավետ վիճակի պահպանմանը: «Նախորդ տարվա համեմատ այս տարի կաթի մթերման գները քաղաքում բարձր են 25-30 դրամով:Այն ժամանակ եւ ավելի վաղ, երբ մեկ ընկերություն էր ճամբարակի տարածքում զբաղվում կաթի մթերմամբ, մթերման գինը չէր բարձրանում 100-110 դրամից, իսկ այժմ, երբ մրցակցություն է ծավալված մի քանի մթերող կազմակերպությունների միջեւ, մթերման գները հասնում են 130-140 դրամի: Իսկ եթե անասնապահական տնտեսությունները չեն դժգոհում, ուրեմն դա նշանակում է, որ մթերման գները նրանց համար արդեն շահավետ են»,-ներկայացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը:

Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանի ներկայացմամբ՝ Վահանում կաթի մթերման գինը տատանվում է 135-140 դրամի սահմաններում: «Մի քանի կազմակերպություն կաթը մթերում են Վահանի տնտեսություններից, ինչի արդյունքում նախորդ տարվա համեմատ մթերման գները բարձրացել են 25-30 դրամով: Չի բացառվում, որ առաջիկայում եւս մրցակցության շնորհիվ գները բարձրանան»,-ներկայացրեց Գուրգեն Բալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում