Տնտեսական զարգացման գործընթացում Հայաստանը բարձր նշաձող է սահմանել

Տնտեսական զարգացման գործընթացում Հայաստանը բարձր նշաձող է սահմանել

ՀՀ անվտանգության, արտաքին քաղաքական հարցերին զուգահեռ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հերթական թողարկմանը, որին հյուրընկալվել էր նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվեցին նաև Հայաստանի տնտեսությանը, իշխանությունների կողմից տրված խոստումներին և դրանց կատարողականներին առնչվող հարցեր:

Հաղորդման ընթացքում բարձրաձայնվեց երկու հիմնական ցուցանիշի՝ նվազագույն աշխատավարձերի և տնտեսական աճի ի սկզբանե սահմանված ցուցանիշների ոչ լիարժեք ապահովման հարցը: Նախագահը, հիշեցնելով, որ ցուցանիշները սահմանվել են 2013թ. մայիսին ընդունված Կառավարության ծրագրով, ևս մեկ անգամ շեշտեց, որ դրանք չեն ապահովվել որոշ չափով միայն: Նպատակ է եղել նվազագույն աշխատավարձերը կրկնապատկել, իսկ տնտեսական աճը՝ հասցնել 5-7%:

Հիշեցնենք, որ 2013թ.-ին ՀՀ նվազագույն աշխատավարձը կազմել է 32500 դրամ, ներկայումս այն կազմում է 55.000 դրամ: Ստացվում է, որ այն ավելացել է ոչ թե երկու, այլ՝ 1.7 անգամ:

Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշին, ապա նպատակադրված 5-7 % տոկոս տնտեսական աճի փոխարեն, այսօր ապահովվել է 3.2 %: Երկու ցուցանիշների պարագայում էլ շեղումը եղել է փոքր, ընդ որում, ինչպես նշեց նաև նախագահը, դա այն դեպքում, երբ ծրագրով նպատակադրվել է հասնել այդ ցուցանիշներին: Այսինքն, Կառավարությունն իր համար սահմանել է բարձր նշաձող, ինչը պետական համակարգի ռեսուրսները կոնսոլիդացնելու և առավելագույնս լավ արդյունքների հասնելու գրավական է: Շատ ավելի հեշտ կլիներ այն սահմանել ավելի ցածր մակարդակում, իսկ հետո, ինչպես նախագահն է ասում, «կուրծք ծեծել» հարյուր և ավել տոկոս ապահոված կատարողականի համար, մինչդեռ այդ մոտեցումը կարող է դառնալ երկրի տնտեսության զարգացման ամենամեծ խոչընդոտը: Իսկ ներկայիս ցուցանիշները բավական դրական են, հաշվի առնելով, որ 2013-2017թթ. ընկած ժամանակահատվածը լի էր ֆորս-մաժորային իրավիճակներով. նավթի գների ռեկորդային անկում, ՌԴ տնտեսության առջև ծառացած մարտահրավերներ, որոնք չէին կարող չունենալ իրենց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Երկու դեպքում էլ, սահմանված ցուցանիշներից որոշակի շեղումներն ընկալելի են: Դեռ ավելին. հաշվի առնելով արտաքին գործոնների նշված բացասական ազդեցությունների առկայությունը, հայկական տնտեսությունը կարողացավ տնտեսական աճի անկման որոշակի շեմ, այնուամենայնիվ, պահել: Սա շնորհիվ և՛ հարկաբյուջետային, և՛ դրամավարկային քաղաքականության, և՛ անշուշտ նաև ԵԱՏՄ Հայաստանի մուտք գործելու արդյունքում ի հայտ եկած որոշակի կայունացնող էֆեկտի:

Այս ամենը չի բացառում տնտեսական ծրագրերի մշակման փուլում այդպիսի իրավիճակների կանխատեսելիության ու ըստ այդմ, «երկրորդ պլանների» գործարկման անհրաժեշտության դիտարկումը՝ որպես տնտեսական ճգնաժամերից արված հետևություն, սակայն դա չի նշանակում նաև, որ նմանատիպ իրավիճակների կրկնություններից պետք է վախենալ՝ տնտեսության զարգացման տեսլականը սահմանելով նվազագույն կատարողականին համապատասխան մակարդակում:

Յուրաքանչյուր երկրի զարգացման ռազմավարությունը պետք է հիմքում ունենա առավելագույնի հասնելու սկզբունքը՝ համապատասխան կամքն ու ակնկալվող աշխատանքի ազդակները փոխանցելով պատկան մարմիններին:

Լիլիա Ամիրխանյան

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ

Հետևեք մեզ նաև Telegram-ում