ՄԻԵԴ-ը հրատապության կարգով քննության է առել Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդների դիմումը

ՄԻԵԴ-ը հրատապության կարգով քննության է առել Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդների դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդների՝ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի ներկայացրած բողոքները հրատապության կարգով քննության է առել: Ստրասբուրգում գտնվող եվրոպական դատարանը թուրքական կառավարությունից պաշտպանություն է պահանջել՝ կապված քրդամետ կուսակցության առաջնորդների կալանավորման օրինականության հարցի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

ԺԴԿ անդամների անունից ՄԻԵԴ դիմում էր ներկայացվել մարտին ու ապրիլին: Դիմումների մեջ եվրոպական դատարանից պահանջել էին քննել հարցը հրատապության կարգով: ՄԻԵԴ-ը հավանություն է տվել այդ պահանջին:

Կուսակցության առաջնորդներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի պատգամավորական անձեռնմխելիությունը 2016 թվականի մայիսին հանվել էր, իսկ նոյեմբերի 4-ին նրանք «հանցանք գործելու նպատակով խմբավորում հիմնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու», «զինված հանցախմբի անդամ լինելու» և «հանցախմբի անունից հանցանք գործելու» հիմնավորումներով ձերբակալվել, ապա արդեն կալանավորվել էին: Ավելի ուշ Յուքսեքդաղը նաև զրկվել էր պատգամավորական մանդատից ու կուսակցության համանախագահությունից:

ԺԴԿ ղեկավարների անունից ՄԻԵԴ դիմում կատարած խմբում գտնվող պատգամավոր Միթհաթ Սանջարը նշել է, որ այլևս իմաստ չունի դիմել Թուրքիայի սահմանադրական դատարան: «Թուրքիայում դատավարությունն անկախ չէ, այն մեծ ճնշման տակ է»,- նշել է նա:

Ակնկալվում է, որ թուրքական կառավարությունը մինչև տարեվերջ պետք է իր պաշտպանությունը ներկայացնի ՄԻԵԴ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում