Մեծ ամոթ. Գարո Փայլանին զայրացրել է Թուրքիայում վեց հայտնի իրավապաշտպանի կալանավորելու որոշումը

Մեծ ամոթ. Գարո Փայլանին զայրացրել է Թուրքիայում վեց հայտնի իրավապաշտպանի կալանավորելու որոշումը

Թուրքական դատարանը թույլ չի տվել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին ներկա գտնվել տասը իրավապաշտպանների գործով լսումներին:

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Փայլանը՝ նշելով, որ ստիպված է եղել բաց դռան հետևից չորս ժամ լսել դատարանում տեղի ունեցող զարգացումները:

Նիստի ավարտից հետո նա թվիթերյան իր էջում թողել է հետևյալ գրառումը. «Մեծ ամոթ: Իրավապաշտպաններ Իդլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են: Մարդու իրավունքներն են կալանավորվել»:

Փայլանը մեծ ցավով է արձանագրել, որ Թուրքիան Հյուսիսային Կորեայի հետ հայտնվել է նույն մակարդակի վրա: Նա կիսվել է կալանավորված իրավապաշտպանների հետ դատարանի դահլիճից դուրս արած լուսանկարով:

Ստամբուլում հուլիսի 5-ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:

Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերն ու նույն կազմակերպության աշխատակից Վելի Աջուն:

Amnesty International-ի կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին: «Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:

Միացյալ Նահանգները ևս մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ՝ կոչ անելով ազատել իրավապաշտպաններին ու պահպանել Թուրքիայի սահմանադրությամբ երաշխավորված ազատությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում