AM | RU
USD
EUR
RUB

Ազգերի ասիմիլյացիայի հարցերի շուրջ

Հետհայացք նետելով մարդկության պատմությանը՝ կարող ենք նկատել, որ ասիմիլիացիայի հարցն առաջ է եկել, թերևս, երբ «քարեդարյան մի քարանձավի բնակիչներն հանդիպեցին մյուս քարանձավի բնակիչներին»։ Այստեղ էլ մարդկությունը բախվել է գլոբալիզացիայի և տեսակի պահպանման առաջին խնդիրներին։ Դարերի ընթացքում ձևավորվել են ազգեր, պետություններ ... և այսօր՝ տեխնոլոգիական զարգացման այս դարում, տեսակի պահպանման խնդիրը հատկապես փոքրաթիվ ժողովուրդների համար խիստ արդիական հարց է։ Այն հատկապես սրվում է, երբ նկատում ենք, որ միջազգային որոշ կազմակերպությունների կողմից փորձ է արվում լղոզել «ազգություն» և «քաղաքացիություն» եզրույթները:

Չվերադասելով դրանցից որևէ մեկը մյուսի նկատմամբ՝ միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ արհեստական նույնացման այդ պրոցեսը, մի գուցե, բխում է նոր կազմավորված կամ դեռ կազմավորման մեջ գտնվող ազգերի շահերից, սակայն հարված է հասցնում հնագույն ազգերին, ինչը զերծ չէ հետագա քաղաքական, պատմական և, ինչու չէ, իրավական խնդիրներից։ Այդ իսկ պատճառով հնագույն և հատկապես փոքրաթիվ ժողովուրդների համար հարցն առանձնակի կարևորություն է ստանում։

Այս առումով կցանկանայինք ուշադրություն հրավիրել մի քանի կետերի վրա, որոնք որոշակի դերակատարում ունեն սույն գործընթացներում։

Նախ, կարիք կա հստակեցնելու՝ «Հայրենիք» և «Ծննդավայր», «Ազգություն» և «Քաղաքացիություն» հասկացությունները։ Կարծում ենք, որ ազգը ընդհանուր տեսակային պատկանելիության գիտակցություն (ազգային գիտակցություն) ունեցող ժողովուրդն է։ Հայրենիքն, ըստ էության, ազգի ծննդավայրն է, այն տարածքը, որտեղ ձևավորվել է տվյալ ազգը՝ որպես ամբողջություն (գենետիկ, լեզվական, մշակութային...)։ Այդ է պատճառը, որ Ֆրանսիայում, Լիբանանում, Ամերիկայում, Ռուսաստանում կամ այլ երկրում ծնված և տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող հայի համար ծննդավայր է հանդիսանում մի երկիր (Ֆրանսիա, Լիբանան, Ամերիկա և այլն), բայց հայրենիքը մեկն է ՝ Հայաստանը՝ Հայկական Լեռնաշխարհը։ Կարծում ենք՝ հայտնի է, որ ժողովուրդների առջև ծառացած խնդիրները լուծելուն միտված մինչ այժմ հայտնի ամենակատարյալ կազմակերպված մեխանիզմը՝ պետությունն է։ Իհարկե իդեալական պայմաններում կլինեին ազգային պետություններ։ Սակայն ժամանակակից աշխարհը, միգրացիաները, պատերազմները, ֆինանսական, տնտեսական և այլ անարդարությունները ստեղծում են իրավիճակներ, երբ մի ազգի որոշ մասը ստիպված է լինում ապրել այլ պետությունների հովանու ներքո։ Ցավոք, Հայ ազգը զերծ չէ նման խնդրից։ Սա իր հետ առաջ է բերում այլ մարտահրավերներ, մասնավորապես՝ տեսակի, ազգային նկարագրի պահպանման խնդիրը այլ պետությունների սահմաններում։

Կարիք չկա լրացուցիչ շեշտելու այլ պետություններում հայերի նկատմամբ դրական վերաբերմունքի, հայերի զբաղեցրած դիրքերի և տարատեսակ շրջանակներում ջերմ հարաբերությունների մասին, միևնույն ժամանակ հարկ է չմոռանալ, որ ցանկացած պետություն, նախ և առաջ ձգտում է ունենալ կառավարելի համայնք։ Հետևաբար, ենթադրելի է, որ տվյալ պետության շահերից և զարգացման տեսլականից ելնելով, փոքրամասնությունների համար նախանշվում են գործունեության թույլատրելի սահմաններ։ Այս ամենի հետևանքով, որոշակի պայմաններում կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ համայնքները բախվում են լինել-չլինելու խնդրին։

Այստեղ է, որ դեր են խաղում մի շարք գործոններ, որոնք, ըստ մեզ, անկյունաքարային են։

Միջավայր

Միջավայրի պայմանները կարող են լինել ձուլման համար նպաստավոր կամ՝ հակառակը։
Արժեհամակարգային, քաղաքակրթական, կենցաղավարության և այլ չափանիշներով զգալիորեն տարբերվող միջավայրում բավականին ցայտուն է արտահայտվում «մենք» և «նրանք» տարբերությունը, ինչը բարենպաստ գործոն է՝ ձուլման կանխարգելման տեսանկյունից։ Սա ենթադրում է, որ համեմատաբար փակ համայնքները առավել քիչ են ենթարկվում ձուլման վտանգին։ Սրա վառ օրինակներ կարող են լինել առանձին գյուղերով հայերի բնակությունն արաբական երկրներում (ինչպիսին օրինակ Այնճար հայկական գյուղը Լիբանանում), ինչը նաև բարենպաստ պայմաններ է ստեղծում էքստրեմալ իրավիճակներում ինքնապաշտպանության միջոցառումների արագ կազմակերպման տեսանկյունից։ Փակ համայնքների մոդելներ ունենք նաև Հայաստանում (եզդիներ, մալականներ)։ Սակայն, ցավով պետք է նկատենք, որ փակ համայնքների օրինակները ներկայումս քիչ թիվ են կազմում, և սփյուռքի հայության գերակշիռ մասը, հատկապես խոշոր քաղաքներում, բնակվում է դիֆուզ կերպով, ինչը ձուլման տեսանկյունից ավելի մեծ ռիսկեր է պարունակում, մանավանդ, երբ միջավայրը՝ սոցիալական, արժեհամակարգային և քաղաքակրթական առումներով շատ չի տարբերվում։

Փակ համայնքները կարող են լինել նաև տնտեսական և կրոնական ձևաչափով։

Տնտեսական փակ համայնքների օրինակ են Արևմտյան Հայաստանում, օսմանական գերակայության պայմաններում կազմավորված համքարությունները, որոնք, ըստ էության, արհեստակցական միություններ էին։ Իրենց հիմքում ունենալով տնտեսական բաղադրիչը՝ անուղղակիորեն ստեղծվում էր նաև տեսակի պահպանման համար բարենպաստ միջավայր։ Նման օրինակ է նաև Ջուղայի վաճառականությունը, որի փորձը կարիք ունի վերստին ուսումնասիրության և կիրառման։ Սրանք կարող են հենարան լինել և հանդես գալ որպես ապացույց, որ կառուցելով բիզնես հայկական միջավայրում և շաղկապելով տարատեսակ հայկական շրջանակներ ընդհանուր տնտեսական բլոկներում՝ կարելի է ստեղծել բարենպաստ միջավայր նաև ազգապահպանության համար, այդպիսով հանդես գալով ոչ թե որպես միմյանց կոնկուրենտ, այլ իբրև մեկ ամբողջություն՝ արտաքին հարաբերություններում։ Ցավոք, մենք, հաճախ օրինակ բերելով այլ ազգերի հաջող ներազգային համագործակցությունը, անհարկի տարածում ենք նաև՝ հայերի հետ բիզնես չանելու վտանգավոր և հիվանդագին տեսություններ։

Միջավայրի գործոններից է նաև երկու տարբեր ազգությունների համակեցության մեջ նրանցից որևէ մեկի դոմինանտության խնդիրը։

Որպես փաստ ընդունելով այն հանգամանքը, որ պետականության կորստից հետո, ցեղասպանություն տեսած ժողովուրդը տարբեր ժամանակահատվածներում ապավինել է այս կամ այն պետության, ժողովրդի օգնությանը, պետք է նկատենք, որ որոշ դեպքերում ձևավորվել են «հզորի» և «թույլի» կարգավիճակների կարծրատիպեր։ Հոգեբանորեն թույլ անհատները, հայտնվելով այնպիսի միջավայրում, որտեղ տարատեսակ պատմական փաստերի հիշեցմամբ և կամ այլ հոգեբանական մեթոդներով ճնշում է գործադրվում անհատի արժանապատվության վրա, աստիճանաբար սկսում են խուսափել սեփական ինքնությունից՝ ձգտելով մաս կազմել թվացյալ հզորի և մեծի։ Կարծում ենք, այստեղ լրջագույն դեր պետք է խաղա հզոր Հայկական պետականությունը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեզ ցանկալի պետությունը կառուցելու համար ժամանակ և լրացուցիչ միջոցներ են հարկավոր, հարկ ենք համարում ընդգծել մի քանի «գործիքներ», որոնք կարող են օգտակար լինել իրավիճակային խնդիրների լուծման համար։

Նախ, կարիք կա մեկընդմիշտ ֆիքսելու, որ ժամանակի փորձություններով անցած ազգը արդեն իսկ ապացուցել է իր կենսունակությունը, քանի որ բնության մեջ այլ հավասար պայմաններում հաղթում է առավել հզոր տեսակը։ Հետևաբար, հաշվի առնելով Հայ Ազգի պատմական անցյալը, ինչպես նաև մեզ վերագրվող տարիքը, կարող ենք վստահաբար պնդել, որ մեր ազգը ոչ միայն ծեր կամ թույլ չէ, այլ, թերևս, ամենակենսունակներից է։ Մյուս կետը, որն էականորեն փոխում է վերաբերմունքը՝ տվյալ պետության կայացման մեջ հայկական ծագմամբ անհատների, գիտնականների դերակատարումն է։ Վստահ ենք՝ լավ ուսումնասիրելով ցանկացած երկրի պատմությունը, կարող ենք գտնել տասնյակ հայերի անուններ, ովքեր անկյունաքարային դերակատարում են ունեցել երկրի զարգացման գործում։ Այս ամենի գրագետ գործածումը ստեղծում է բարենպաստ միջավայր հայերի նկատմամբ։ Առհասարակ, հաշվի առնելով մարդկային քաղաքակրթության էվոլյուցիայի բանկում մեր տեսակարար կշիռը՝ ժողովրդի թվին բաժին ընկնող գիտնականների, քաղաքական գործիչների, արվեստագետների, սպորտսմենների և այլնի թիվը, կարող ենք վստահորեն պնդել, որ հայ ազգը, միգուցէ փոքրաթիվ, բայց ոչ երբեք փոքր է, և իր կարևոր տեղն ու դերն ունի մարդկային քաղաքակրթության լոկոմոտիվում։

Կրոն

Կրոնական ֆակտորն հատկապես ընդգծվում է իսլամ միջավայրում բնակվող քրիստոնյա հայերի հայապահպանության գործում՝ դրական իմաստով, ինչը չենք կարող պնդել՝ քրիստոնյա միջավայրերի համար։ Մենք ունենք բավականին հաջող համակեցության օրինակներ՝ իսլամ միջավայրում, երբ հայ-քրիստոնյա և մահմեդական համայնքների միջև որևէ էական կոնֆլիկտներ չեն արձանագրվում՝ դավանաբանական հենքի վրա, միևնույն ժամանակ՝ կրոնական տարանջատումը ստեղծում է բարենպաստ միջավայր՝ ձուլման պրոցեսը նվազագույնի հասցնելու տեսանկյունից։ Սակայն պետք է նկատենք, որ այս հարցն ունի որոշ նրբություններ։ Հարկ է հաշվի առնել, որ մի շարք պատճառներով հայության տարբեր հատվածներ տարբեր պատկերացումներ ունեն դավանաբանական հարցերի շուրջ։ Եւ այն ինչպես միավորող, այդպես և տարանջատող գործոն կարող է դառնալ, ինչը լրացուցիչ զգուշություն է պահանջում այս ոլորտի նկատմամբ։ Սակայն, միևնույն ժամանակ կարիք կա ընդգծելու մի քանի հանգամանք։ Մասնավորապես, ռուսաստանաբնակ հայության խնդիրը. մեզ հայտնի է, որ հատկապես Ռուսաստանում, հայերն հաճախ ընդհանրացվում են կովկասյան ժողովուրդների հետ, որոնց ճնշող մեծամասնությունը ներկայումս իսլամադավան է։ Ռուսաստանաբնակ հայը շատ հաճախ բախվում է այդ խնդրին և, ընդգծելով իր քրիստոնեա լինելը (նույնիսկ եթե նա աթեիստ է, միևնույն է ընդգծում է Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետության լինելու հանգամանքը), ստանում է մյուս հարցը. իսկ ուղղափա՞ռ քրիստոնեական ճյուղից են արդյոք հայերը, թե՞՝ ոչ։

Եւ հենց այստեղ է, որ դավանաբանական գիտելիքների պակասը բերում է ինքնության լուրջ կոնֆլիկտի։ Սա հատկապես սրվում է այն քաղաքներում, որտեղ դեռևս չկան գործող հայկական եկեղեցիներ։ Այս իրավիճակն հղի է մի շարք վտանգներով, երբ ծագած հարցերին պատասխաններ փնտրելով, հայ անհատը կարող է հայտնվել կամ զանազան աղանդավորական ուղղություններում, կամ դառնալ օտար եկեղեցու հետևորդ՝ հետագայում իսպառ կտրվելով հայկական արմատներից։ Սա այն օրինակներից մեկն է, որն ընդգծում է հայ եկեղեցու կարևորագույն դերակատարումը՝ հայապահպանության գործում։ Եկեղեցու հայապահպան դերակատարման վերաբերյալ կան դասագրքային բազմաթիվ այլ օրինակներ, որոնցից մեկն էլ, թերևս, լեհահայ համայնքի պատմությունն է։ Կարիք կա շեշտելու նաև Մխիթարյան Միաբանության օրինակը՝ թե ինչպես, աշխարհաքաղաքական իրավիճակներից օգտվելով, կաթոլիկ հավատքը լավագույնս ծառայեցվեց ի շահ Հայապահպանության։

Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, այսպես կոչված, իսլամադավան հայերի, կամ ծպտյալ հայերի գոյությունը Համշենում և Արևմտյան Հայաստանի ներկայիս քրդաբնակ շրջաններում։ Այստեղ հատկանշական է և այն հանգամանքը, որ քրիստոնեությունը նրանց շրջանում ասոցացվում է հայկականության հետ, և իրենց արմատներին վերադառնալը փաստանշվում է քրիստոնեության ընդունմամբ։ Հատկանշական է նաև, որ Րաֆֆու ժամանակաշրջանում, երբ ինչ-ինչ ուժերի կողմից փորձ էր արվում հայությանը ներկայացնել որպես կրոնական փոքրամասնություն մեծ կայսրությունների մեջ, այդ ժամանակվա հայ ազգայնականության հիմնադիրների կողմից վեր հանվեց և ակտիվ շրջանառության մեջ դրվեց նախաքրիստոնեական հայ մշակութային ժառանգությունը՝ նպատակ ունենալով ընդգծել հայության՝ առանձին ազգություն լինելու փաստը։

Չափավոր, կառավարելի ագրեսիան

Որքան էլ, որ տարօրինակ հնչի, բայց կառավարելի, չափավոր հակահայկական ագրեսիան օտար միջավայրում, կարող է դառնալ բարենպաստ հայապահպան գործոն։ Բնականաբար, ինքնապաշտպանական բնազդը, որը դուրս է գալիս անհատի մակարդակից և ստանում կոլեկտիվ բնույթ, դառնում է տեսակի պաշտպանության խնդիրը լուծելու շուրջ միավորման լրացուցիչ խթան։ Սակայն հարկ է նկատել, որ անհամաչափ ճնշումը, կարող է առաջացնել և հակառակ ռեակցիան՝ ստիպելով որոշ անհատների հրաժարվել ինքնությունից՝ դա դիտելով որպես փրկության ճանապարհ։ Այս ամենի ֆոնին առավել ընկալելի է դառնում այն «պարադոքսը», թե ինչպես է հազարամյակներ ի վեր իր գոյությունը պահպանել մեր ազգը՝ մշտապես լինելով պատերազմների մեջ։ Թերևս, տեղին է հնչում այն իմաստությունը, որ ազգերը վերանում են ոչ թե պատերազմներում, այլ խաղաղ պայմաններում՝ դեգրադացմամբ, կորցնելով իրենց դիմագիծը։ Եւ իհարկե, խաղաղ պայմաններում, երբ «չկա» վերացման ակնհայտ վտանգ, բթանում է և տեսակի պահպանման բնազդը, ինչն անխուսափելիորեն հղի է տեսակային դիմագծի աղճատման վտանգով։ Մի գուցե հենց սա էլ նկատի ուներ Լուկիավոսը, երբ ժամանակին ասում էր, թե Հռոմը գնում է կործանման, քանի որ նրա երգիչները դադարել են դաստիարակել և զբաղված են զվարճացնելով։

Ամփոփում

Ի մի բերելով վերոշարադրյալը՝ կարող ենք եզրակացնել, որ բոլոր օրինակները հանգում են այն բնական մտքին, որ տեսակի (տվյալ դեպքում ազգային ինքնության) պահպանման համար, նախ կարիք կա տեսակային ինքնության՝ որպես առանձին ամբողջական միավորի ընկալման։ Այլ կերպ՝ պետք է տեղի ունենա հստակ տարանջատում՝ «մենք» և «նրանք» գիտակցությամբ։ Բացի «մենքը» պայմանավորող գործոններից, որոնք պատմականորեն ձևավորել են տվյալ էթնոսը, օտար միջավայրում առաջ են գալիս լրացուցիչ գործոններ, կամ առանձնահատուկ կերպով է սրվում այս կամ գործոնի դերը՝ ինքնագիտակցական իզոլյացյայի պրոցեսում։ Սակայն օտար միջավայրում ցանկացած գործունեություն ծավալելու համար առաջ է գալիս նաև ինտեգրացիայի անհրաժեշտությունը, ինչը ուղղակիորեն կարող է հակասել իզոլյացիոն պրոցեսներին։ Սա փաստում է, որ ազգային ինքնության պահպանման համար, ըստ էության, լավագույն միջավայրը՝ սեփական ազգային պետությունն է։ Այդուհանդերձ, փաստ ընդունելով առկա իրավիճակը կարող ենք նշել, որ խելամիտ կառավարելով իզոլյացիոն և ինտեգրացիոն պրոցեսները, կարելի է ձգձգել ձուլումը, իսկ սփյուռքի հնարավորություններն ի մի բերելով՝ նպաստել Համահայկական ցանցապետության կառուցմանը՝ Հայաստան կենտրոնով։

Սրա համար, անհրաժեշտ է, որպեսզի հայ ազգը հանդես գա որպես մեկ ամբողջություն։ Իսկ սրան հասնելու համար ճանապարհներ են.

1. Հզոր Հայկական Ազգային պետության կառուցումը, որի սահմանները մոտ կլինեն Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։

2. Հայ լինելը պետք է լինի նորաձև (մոդա), պատվաբեր. սա կստիպի մարդկանց իրենց մեջ հայկական արմատներ փնտրել։ Կարիք կա ձևավորելու՝ հաջողակ, ճմշարիտ ազգային հայի կերպարը։ Դրա համար պետք է շրջանառությունից իսպառ հանել թույլի և վատ որակական կերպար ստեղծող ցանկացած խոսակցություն և փոխարենը տարածել հակառակը։ Ժամանակի ընթացքում սա դառնում է կենսակերպ-մոդել։ Չթերանալ հայանպաստ շշուկների, խոսակցությունների, կարծրատիպերի ստեղծման և տարածման գործում։ Դրան կարելի է հասնել, թե՛ կինոինդուստրիայի, թե՛ սպորտի, թե՛ հեքիաթների կամ անեկդոտների, և թե՛ այլ՝ ամենատարբեր մեթոդներով։ Գլխավորը՝ հստակ մշակված և գիտակցված մեխանիզմներով (ազգային-պետական) ծրագիր ունենալն է։

3. Ակտիվացնել, ամրացնել, աշխուժացնել հայկականությունն ընդգծող գործոնները, մասնավորապես՝ լեզու, մշակույթ, կենցաղավարություն։ Այստեղ առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև դավանաբանական հարցերը և գենետիկ-էթնիկ միակերպության պահպանմանն ուղղված միջոցառումները։ Սրան կարելի է հասնել աշխուժացնելով ժամանակակից մասնագիտությունների ուսուցանումը՝ հայերենով։ Կարծում ենք, փայլուն մեխանիզմ կարող են դառնալ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնց հենքի վրա հնարավոր է կառուցել Հայակենտրոն ամուր ցանցային համակարգ։

4. Հնարավորինս նպաստել հայության ամենատարբեր շերտերի միմյանց հետ սերտաճմանը՝ ֆինանսական, բիզնես, մասնագիտական և այլ մեխանիզմներով։ Դրան կարելի է հասնել համատեղ խոշոր կորպորացիաների, մասնագիտական տեղական և համահայկական միությունների ստեղծման և սերտ համագործակցության միջոցով։ Ճանապարհներից է նաև գիտակրթական մեխանիզմների միջոցով շահավետ առաջխաղացման պայմանների մշակումը հայկական ծագմամբ կադրերի համար՝ նպաստելով թե՛ նրանց մասնագիտական կայացմանը, և թե՛, հետագայում, կադրային աճին և առաջադիմությանը։ Աշխատող վառ օրինակներից է ՏՏ ոլորտի հայկական փորձը։ Այդ ուղղությամբ քայլեր են անում աշխարհի հայ բժիշկները։ Վստահ ենք՝ այս հաջողված օրինակները մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենան և այլ ոլորտներում։ Տնտեսական սերտաճումը կնպաստի ազգային ոչ այնքան բարձր ինքնագիտակցություն, բայց հայկական ծագում ունեցող հաջողակ բիզնեսմեններին և անհատներին միավորվել «Մեծ Մենքի մեջ», որի գլխավոր առանցքը թեկուզ և ֆինանսական է, բայց էֆեկտը՝ ազգապահպան իզոլյացիան է՝ «մենք» և «նրանք» սահմանազատմամբ։

5. Առավելագույնս խորացնել Հայրենիքի՝ հետ բազմաբնույթ կապերը, այցելությունների, բանակումների, համագործակցության բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով։

6. Հնարավորության դեպքում փորձել կառավարել հավանական հակահայկական չափավոր ագրեսիան։ Հարկ եղած դեպքում, բարձր ազգային գիտակցություն ունեցող մտավորական անհատներից կարելի է ստեղծել խմբեր, որոնք նպատակային «ասիմիլիացիայի» կենթարկվեն միջավայրում՝ փորձելով հասնել տվյալ պետության բարձրագույն լծակներին։ Ոչինչ, որ ժամանակի որևէ հատվածում հանրության մի շերտի կողմից նրանք կարող են ընկալվել իբրև «դավաճաններ», սակայն ձեռք բերելով գործունեության անհրաժեշտ ազատություն, նրանք կարող են ամենալայն հնարավորություններն ապահովել հայության ընդգրկուն առաջխաղացման համար։

7. Խրախուսել թաղամասերով, գյուղերով և առավել խոշոր միավորներով բնակությունը։
Դրան կարելի է հասնել շինարարական կորպորացիաների միջոցով՝ հատուկ զեղչեր և արտոնյալ պայմաններ սահմանելով հայերի համար նորակառույց շենքերում և թաղամասերում։ Օրինակ, արտոնյալ պայմաններով բնակարանների տրամադրումը նորապսակ հայ զույգերին։ 

Իհարկե, այս շարքը կարելի է երկար շարունակել, սակայն ափոփելով, կցանկանայինք հավելել, որ ժամանակակից աշխարհում, երբ գլուխ են բարձրացրել «գլոբալիզացիայի» և «ազգերի անխուսափելի ձուլման» տեսությունները, դրանք կարելի է վերաիմաստավորել և կառավարել, ցույց տալով, որ բնությունը կատարյալ է իր տեսակային զանազանությամբ, և մարդկության ամբողջականության մեջ յուրաքանչյուր ազգ իր ուրույն և կարևոր տեղն ունի։ Ինչպես մարդկային օրգանիզմում տարատեսակ օրգան-համակարգերի սինխրոն աշխատանքն է ապահովում օրգանիզմի լինելիությունը, այնպես և մարդկության ներդաշնակ գոյությունը ենթադրում է ազգերի՝ տեսակային ինքնության փայփայումը՝ ի շահ մարդկության։ Ցանկացած արհեստական համահարթեցման դեգրադացիոն պրոցես հղի է այնպիսի հետևանքներով, ինչին ականատես ենք լինում անհատ օրգանիզմի մակարդակում՝ իբրև ուռուցքային պրոցես։

Հարգանքներով,

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

01.07.2017թ., ք.Երևան

Լրահոս
Արամ Ա-ն և Երուսաղեմի լյութերական եկեղեցու առաջնորդը քննարկել են Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված հարցեր Արցախը ողջունում է Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի մտադրությունը Նյու Յորքում ահաբեկչության փորձի հետևանքով երեք հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել Նախագահն ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղարին Ռաֆայել Իսախանյան. «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը խաբեություն է Դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից Էյջի Տագուչին Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը առավելություն է համարում ճապոնական ընկերությունների համար Հանձնարարվել է խստորեն վերահսկել երկարացված ժամկետներով շինթույլտվություններով աշխատանքների համար սահմանված ժամանակացույցերի պահպանումը «Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի կարգավիճակից». Մարդու իրավունքների միջազգային օրը նշվել է Արցախում ՊԵԿ փոխնախագահը վստահեցնում է` ֆիզիկական անձինք երրորդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասելը միամտություն է Հայաստանում ծրագրեր են մշակվում հնագիտական տուրիզմը զարգացնելու ուղղությամբ Գևորգ Կոստանյանն անհրաժեշտություն է համարում ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրենքի ճիշտ կիրառումը ՀՀ նախագահը դրել է համայնքների առավել արդյունավետ կառավարման խնդիր և տվել հստակ նշաձողը ԱՄՆ-ում ստախոս ԶԼՄ-ները դուրս են եկել վերահսկողությունից. Թրամփ ՀՀ-ում իշխանությունը ձևավորվել է ընտրական տեղամասերում. «Ելք» դաշինքն ընդունում է ՀՀԿ-ի իշխանությունը Մեկնարկել է տարվա լավագույն մարզիկների ընտրության քվեարկությունը ԿԳՆ-ն նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք Որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը չի ենթադրում, թե դրանք անպայմանորեն կթանկանան Թբիլիսիում մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրերը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նոր համաձայնագրի ստորագրումը խթան կհանդիսանա երկկողմ ներդրումների ծավալի աճի համար Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ Արմեն Ռուստամյանը կարևորում է համայնքի ղեկավարների կողմից չարաշահումների մասին բարձրաձայնելը Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը Էրդողանից բարոյականության դասեր չպետք է քաղեմ. Իսրայելի վարչապետ Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին Հայաստանը միջազգային գիտական հարթակում նախանձելի հաջողություններ է գրանցում Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Մագնուս Կարլսենն է Հենրիխ Մխիթարյանը ուզում է խոսել Մոուրինյոյի հետ իր ապագայի մասին Հայաստանում հաստատված սիրիահայն իր ձեռքի աշխատանքով փորձում է մուտք գործել ռուսական շուկա Աճում է քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցությունն իրավական ակտերի մշակման գործընթացում Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 Զորանոց, դղյակներ, մենատներ, մզկիթներ. Պալյան ճարտարապետական գերդաստանը մեծ հետք է թողել Ստամբուլում Հաջորդ տարի կստեղծվեն մարզերի զարգացման հիմնադրամներ. զարգացման ծրագրերը կազմելու են տեղի մասնագետները Անհրաժեշտ է որդեգրել համայնքների զարգացման նորարարական մոտեցումներ Արտաքին քաղաքական դաշտում ՀՀ քայլերը պետք է լինեն համահունչ Արցախի խորհրդարանի և ժողովրդի սպասումներին. Աշոտյան Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Մինսկում և Բաթումում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan