ԱՄՆ պետդեպը հորդորել է Թուրքիային վերացնել երկրում հայտարարված արտակարգ դրությունը

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Թուրքիայում մարդու իրավունքների վեց պաշտպանի կալանավորման փաստը՝ կոչ անելով իշխանություններին անմիջապես ազատ արձակել նրանց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նոյերթը:

«Փոքրաթիվ ապացույցներով կամ թափանցիկությամբ նման մեղադրանքները ոտնահարում են Թուրքիայում օրենքի գերակայությունը և անհատների իրավունքը հարգելու այդ երկրի պարտավորությունները: Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին հրաժարվել մեղադրանքներից, ազատ արձակել կալանավորվածներին ու դադարեցնել երկրում հայտարարված արտակարգ դրությունը, որը թույլ է տալիս հետապնդել անհատներին»,– ասել է պետդեպի խոսնակը՝ նշելով, որ իրենք շարունակելու են հետևել դեպքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում