Գերմանիայի քաղաքացիները Թուրքիայում «գերի ընկնելու» վտանգի տակ են. Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիայի Ձախերի կուսակցության պատգամավոր, ազգությամբ թուրք Սևիմ Դաղդելենը կոչ է արել երկրի կառավարությանը նախազգուշացնել Թուրքիա այցելել ցանկացող քաղաքացիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Թուրքիայում 6 իրավապաշտպանի, այդ թվում և Գերմանիայի մեկ քաղաքացու կալանավորման փաստի առնչությամբ Դաղդելենը հայտարարել է, որ այսուհետ իրենց քաղաքացիները Թուրքիայում «գերի ընկնելու» վտանգի տակ են: Պատգամավորն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է փոխի իր քաղաքականությունը: «Սպասելու, հուսալու և խնդրելու ժամանակն արդեն անցել է»,- հայտարարել է նա:

Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք մեկ այլ պատգամավոր՝ Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրն էլ ընդգծել է, որ Թուրքիայում ակտիվիստների ձերբակալելով այդ երկիրը վնաս է հասցնում սեփական տնտեսությանը: «Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այդ երկրում անվտանգ ներդրում անել»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում