Շվեդիան ցանկություն է հայտնել հանդիպել Թուրքիայում կալանավորված իր քաղաքացու հետ

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ստամբուլում կազմակերպված սեմինարի ժամանակ մի խումբ իրավապաշտպանների ձերբակալման, այնուհետև նաև կալանավորման առնչությամբ: Կալանավորված իրավապաշտպաններից մեկն էլ Շվեդիայի քաղաքացի Ալի Գարավին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

«Ստամբուլում մեր գլխավոր հյուպատոսարանը, Անկարայում մեր դեսպանությունն ու Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը զբաղվում են այս խնդրով»,– հայտարարել է Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Ջեսիկա Գարփվալը: Նա հայտնել է, որ իրենք ցանկություն են հայտնել հանդիպել կալանավորված շվեդ իրավապաշտպանի հետ:

Շվեդ փաստաբաններին չի թույլատրվել մասնակցել իրավապաշտպանների գործով դատական նիստին:

Ուշագրավ է, որ Ալի Գարավիի կինը՝ Լարեսա Դիքեյը հայտարարել է, որ իր ամուսնուն և ևս հինգ իրավապաշտպանի կալանավորելու մասին որոշումը քաղաքական շարժառիթներ ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում