Հայաստանն ակտիվացնում է թվային մարքեթինգը. ակնկալվում է զբոսաշրջիկների թվի աճ

Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը համացանցում Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 19-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Զբոսաշրջային զարգացման հիմնադրամի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանը:

«Մեծ հույս ունենք, որ մեր վերջնական ձևավորումից կոմիտեի հոգսերը կթեթևանան: Մեր գործունեության ուղղություններից է թվային մարքեթինգի իրականացումը` համացանցում երկրի ճանաչելիություն բարձրացումը: Մենք արդեն այդ գործընթացի իրականացման համար ընդգրկել ենք մարդկանց»,– ասաց Արա Խզմալյանն ու հավելեց, որ իրենց հիմնական խնդիրը տեղեկատվական դաշտում հաջողության հասնելն է:

Նրա խոսքով` միայն պատմամշակութային ժառանգությունը բավարար չէ զբոսաշրջիկների քանակն ավելացնելու համար: Այդ պատճառով իրենց նպատակն է նաև ավելացնել հետաքրքրությունն ու պատճառները՝ Հայաստան այցելելու: «Նախատեսում ենք նաև տեղեկատվական կենտրոն ստեղծել օդանավակայանում»,– ասաց Արա Խզմալյանն ու հավելեց, որ հիմնադրամը, այնուամենայնիվ, առանձին մարմին չէ, և կոմիտեին ու հիմնադրամին պետք է դիտարկել որպես մեկ մարմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում