23-ամյա երիտասարդների պատրաստած «զգացմունքաշատ» շոկոլադները ոչ այնքան ուտում, որքան նվիրում են միմյանց

Հորաքրոջ նվերն ու «քաղցր» բիզնեսը

23-ամյա Գրիգորենց տունը դժվար թե «քաղցր տան» վերածվեր, իսկ «Sweet house»-ն էլ դժվար թե ծնվեր, եթե նորարար երիտասարդը չփորձեր հորաքրոջն ուրախացնել իր իսկ ձեռքով պատրաստած ինքնատիպ նվերով: Իսկական շոկոլադի համն իմացող և փաթեթավորմանը ոչ պակաս կարևորություն տվող Գրիգորը որոշեց, որ հորաքրոջը հենց իր ձեռքով պատրաստած «քաղցր» նվեր պետք է մատուցի: Եվ մտահղացումն իրագործելու համար սկսեց ուսումնասիրել շոկոլադի պատրաստման տեխնոլոգիան` մասամբ համացանցի, մասամբ էլ` փորձառու տեխնոլոգների օգնությամբ: Շոկոլադի արտադրության տեսական մասը տևեց կես տարի և 2016 թվականի վերջին ծնվեց «Sweet house»-ը: Տունը քաղցրացրած արտադրությունը որոշ ժամանակ անց տեղափոխվեց հատուկ այդ նպատակով բացված արտադրամաս, բայց ի սզբանե ստացած անվանումը մնաց անփոփոխ` «Sweet house»: Ինչպես Գրիգորն է ասում, ստացվեց բիզնես, որի մասին ոչ մտածում էինք, ոչ էլ առավելևս` պլանավորում. «Ուզում էինք պատրաստել շոկոլադ, որը կլինի համով և յուրահատուկ դիզայնով: Ինձ այդ գործում սկսեց օգնել ընկերս` Կարոն: Սկզբում վաճառելու նպատակ չենք ունեցել, բայց երբ մեր ընկերները մի քանի նմուշ տեսան, հորդորեցին վաճառքի հանել: Ի վերջո որոշեցինք մի քանի հատ փորձնական դնել քաղցրավենիքի խանութում: Հետաքրքրությունը բավականին մեծ էր, անկեղծ ասած, մենք չէինք սպասում: Գիտե՞ք որն է պատճառը. մարդիկ շոկոլադը քացրավենիք ընկալելուց զատ, ընկալում են որպես նվեր: Ահա թե ինչու շատ կարևոր է արտաքին տեսքը: Եվ քանի որ մենք հենց սկզբից էլ մեծ ուշադրություն ենք դարձրել դիզայնին, ըստ այդմ` միանգամից հետաքրքրություն առաջացրին «Sweet house»-ի շոկոլադները»:

Համահեղինակները վստահեցնում են` ամեն մի տուփի դիզայնի վրա աշխատում են օրերով և թե´ գույնով, թե´ գրառումներով և թե´ տեսքով ինքնատիպ են հայկական շոկոլադների հավաքածուները: Սկզբում միայն սիրային, իսկ հիմա նաև տարբեր գրառումներով շոկոլադներ կարելի է պատվիրել «Sweet house»-ից: Երբ արդեն կյանքի կոչվի համահեղինակների վերջին գաղափարը` ստեղծել մոբայլ ափլիքեյշնի տեսքով հարթակ, ապա գնորդը հնարավորություն կունենա նաև անձամբ ընտրելու իր նախընտրած դիզայնը: «Ցանկացողները օնլայն տարբերակով կընտրեն դիզայնը և արդեն չեն սահմամանափակվի մեր առաջարկած տեսականիով: Պատվիրելուց երկու-երեք օր անց պատվերը կառաքվի»,-վստահեցնում է Գրիգորը:

Ուրախություն պարգևելու «sweet house»-յան բանաձևը

Մասիսում արտադրվող հայկական շոկոլադներն առայժմն հնարավոր է ձեռք բերել միայն առաքումով` բացառությամբ մասիսաբնակների: Երևանյան խանութներում ներկայանալու հնարավորություն կա, բայց համահիմնադիրները չեն ցանկանում որպես հերթական սալիկ արտադրողներ ներկայանալ: Շոկոլադների արտաքին տեսքն ու նշանակությունը` որպես ինքնատիպ նվեր, առաջին տեղում դասող Գրիգորը ֆինանսական շահը ներկա պահին չի կարևորում: «Չէի ցանկանա շատ շահույթ ունենալու դիմաց կորցնել բրենդը: Ես չգիտեմ մի արտադրողի, որ իր ապրանքի մեջ այդքան անհատականություն է դնում: Մենք ուղղակի գումար ստանալու համար չէ, որ արտադրում ենք շոկոլադ: Փորձում ենք այնպես անել, որ այն մեկին նվիրելու դեպքում ուրախության, հաճելի զգացողություններ պարգևի: Մտավախությունը, որ տարբեր որակային հատկանիշներով սալիկների կողքին «Sweet house»-ը կկորցնի անունը, ետ է պահում խանութներում ներկայանալուց: Հուսանք` մոտ ապագայում կունենանք մեր ֆիրմային խանութը»,-ասում է երիտասարդ գործարարը:

Խանութներում ներկայացված չլինելը, սակայն, չի խանգարում մասիսցի երիտասարդներին իրացնել բացառապես ձեռքով պատրաստվող սալիկները. Երևանից և Հայաստանի գրեթե բոլոր մարզերից պատվերներ ունեցել և առանց դժվարության առաքել են: «ֆեյսբուքյան էջի միջոցով տեսականուն ծանոթանալ և ցանկության դեպքում պատվիրել կարող է յուրաքանչյուրը` անկախ նրանից, թե որտեղ է ապրում,-վստահեցնում է Գրիգորը և հավելում: -Մեր շոկոլադները հետաքրքրություն են առաջացրել նաև Ռուսաստանում, բայց եթե հայաստանաբնակ պատվիրատուներին կարող ենք առաքել առանց դժվարության, ապա այս դեպքում պետք է մտածենք` ինչ հարթակ ստեղծել. դրսում ներկայանալ ֆիրմային խանութո՞վ, թե այլ ձևով: Ի դեպ, ասեմ, որ ԵԱՏՄ երկրներում վաճառելու լիցենզիան ունենք»:

Արտաքին շուկան խոստումնալից է, բայց համահիմնադիրները դեռ չեն շտապում. նախ` պետք է ներսում կայունանալ: Հուլիսի 22-ին կայանալիք շոկոլադի փառատոնին` «Choco Fest»-ին մասնակցությունն այդ ուղղությամբ հերթական քայլը կլինի, որտեղ կներկայացվեն «Sweet house»-ի 100 կշռով սև, սպիտակ, կաթնային ու տարբեր հավելումներով հայկական արտադրության շոկոլադե սալիկները:

Հավելումների հարցում համահիմնադիրները խստապահանջ են` այն ինչ հնարավոր է ձեռք բերել հայ արտադրողից, ձեռք են բերում հայ արտադրողից: Խստապահանջությունը սկզբունքորեն պահվում է նաև որակի հարցում. Կարապետի վստահեցմամբ` ամեն մի խմբաքանակ պարտադիր անցնում է լաբորատոր հետազոտություն: Այս առումով համահիմնադիրը նաև նշում է` շոկոլադների արտադրության մեջ շատ դեպքերում օգտագործվող անցանկալի սոյայի յուղն իրենք փոխարինում են կակաոյի յուղով:

Առայժմ փոքր խմբաքանակով` օրական 35-40 սալիկ պատրաստելով, երիտասարդները էժան հումք ձեռք բերելու ուղղությամբ չեն մտածում, վստահեցնում են` որակական պահանջները չեն փոխվի նաև ծավալների մեծացման դեպքում, իսկ գնային սանդղակը, որի ամենացածր նիշը ներկայում 800 դրամն է, բնականաբար, քաշից, բաղադրությունից ու փաթեթավորումից կախված` կփոփոխվի:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում