Հայաստանի մարմնամարզիկները 10 մեդալ են նվաճել Բաթումիում

Բաթումիում անցկացված սպորտային մարմնամարզության Ռուսուդան Սիխարուլիձեի Գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Մրցումներն անցկացվել են պատանիների (Մ 18 տարեկան) եւ մեծահասակների տարիքային խմբերում: Երկու խմբերի արդյունքների հանրագումարով էլ խաղարկվել է 12 երկրների միջեւ թիմային առաջնությունը:

Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի եւ Վրաստանի թիմերին:

Հայաստանից մրցումներին մասնակցել են ընդամենը 9 մարզիկ: Բացի Արթուր Ավետիսյանից, բոլորը հանդես են եկել պատանիների տարիքային խմբում:

Ժորա Սմբատյանը հաղթող է դարձել պատանիների բազմամարտում: Առանձին գործիքների վրա ոսկե մեդալ նվաճել են ժորա Սմբատյանը (նժույգ թափեր, պտտաձող, օղակներ), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտեր): Արծաթե մեդալակիրներ դարձել են Հովհաննես Հակոբյանը (զուգափայտեր) եւ Նարբե Հակոբյանը (օղակներ): Վահե Ղազարյանն ազատ վարժություններում զբաղեցրել է երրորդ տեղը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում