Հայկական արհեստագործական արտադրանքը հայաստանյան շուկայում կունենա տարբերակիչ նշան

«Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի լրացմամբ՝ հայկական արհեստագործական արտադրանքը տարբերակվելու ու պաշտպանվելու է հայաստանյան շուկայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 19-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Զբոսաշրջիկների թվի ավելացմանը զուգահեռ պետք է մտածենք նաև մեր արհեստագործական արտադրանքը հայաստանյան շուկայում տարբերակելու խնդրի մասին, պետք է պաշտպանենք հայ արհեստագործների շահերը: Մենք ներդրել ենք «Հայաստանի արհեստագործական արտադրանք» սահմանումը, որը հնարավորություն է տալու սահմանել նաև օտարերկրյա արտադրանքներից դրա տարբերակման չափանիշները»,– ասաց Ապրեսյանն ու հավելեց, որ հայկական արտադրանքը կունենա տարբերակիչ նշան:

Նրա խոսքով`այս խնդիրն առկա է ամբողջ աշխարհում: Զարգացած զբոսաշրջություն ունեցող երկրներում ազգային հուշանվերները, բացի տեղական արտադրողներից, պատրաստում են նաև օտարերկրյա ձեռներեցները, որոնք թափանցում են շուկա շատ ավելի մատչելի գներով: Օրինակ` Հռոմում, Աթենքում շատ չինական հուշանվերներ կան:

«Սահմանման ներդրումը չի նշանակում, որ շուկայում կլինի արգելք որևէ այլ արտադրանքի նկատմամբ: Պարզապես տարբերակիչ նշանի շնորհիվ զբոսաշրջիկը կիմանա, թե որն է հայկական արտադրանքը ու կկատարի ընտրություն»,-եզրափակեց Ապրեսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում