Ճգնաժամ թուրք-գերմանական հարաբերություններում. Գերմանիայի ԱԳ նախարարն ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Բեռլին

Թուրքիայում Գերմանիայի քաղաքացի, իրավապաշտպան Պետեր Ստոյդթների կալանավորումը նոր լարվածության պատճառ է դարձել թուրք-գերմանական հարաբերություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իրավապաշտպանի կալանավորումից հետո կիսատ է թողել արձակուրդն ու վերադարձել է Բեռլին:

Ակնկալվում է, որ հուլիսի 20-ին Գաբրիելը հանդես կգա հայտարարությամբ՝ պատասխանելով Գերմանիայի քաղաքացուն կալանավորելու թուրքական կողմի քայլին: Նախքան հայտարարություն անելը նա խորհրդակցություն է անցկացնելու արտգործնախարարությունում:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ միջոցներ է ձեռնարկելու Գերմանիան Թուրքիայի դեմ, սակայն Սոցիալ դեմոկրատների կուսակցության ղեկավար ու կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը կարծիք է հայտնել, որ Զիգմար Գաբրիելը կարող է բարձրացնել Թուրքիա այցելելու նախազգուշացման մակարդակը:

Գերմանիան Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին հուլիսի 19-ին կանչել էր արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել պաշտոնական Անկարային՝ կապված Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հայտնել է, որ դեսպանին պարզ լեզվով ասել են, որ առանց ժամանակ կորցնելու թուրքական կողմն ազատ արձակի Գերմանիայի քաղաքացի Ստոյդթներին:

Շեֆերը բացարձակապես անհիմն է անվանել իրավապաշտպանին ահաբեկչական խմբավորման հետ կապելու մեղադրանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում