Օգոստոսից տնտեսավարողների գույքի և դրամական միջոցների արգելանքը կկիրառվի պարտավորության հստակ չափով

Վերջին ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը հարկային մարմնի կողմից տնտեսավարողների գույքի և դրամական միջոցների արգելանքը պարտավորության հստակ չափով կիրառումն ապահովելու նպատակով, իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Նշված իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքերը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ակնկալում ենք Պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը և նոր մեխանիզմների իրագործումը»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը։

Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց, թե այս գործում ինչ աշխատանքներ են տարվել:

ՊԵԿ նախագահը նշեց, որ վարչապետի հանձնարարականի համաձայն ՊԵԿ-ի ու ԿԲ-ի նախաձեռնությամբ մշակվել է նախագիծ, որը մոտակա օրերին կստորագրվի և օգոստոսի մեկից կմտնի կիրառության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում