Հայաստանը միանում է տիեզերագնացներին փրկելու և վերադարձնելու Վաշինգտոնի համաձայնագրին

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում և Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային ժողով: Ըստ պայմանագրի, յուրաքանչյուր պայմանավորվող կողմ, որը տեղեկություն է ստանում կամ երբ պարզում է, որ տիեզերանավի անձնակազմը վթարի է ենթարկվել կամ բախվել է աղետային իրավիճակի կամ արտակարգ կամ չնախատեսված վայրէջք է կատարել իր իրավազորության ներքո գտնվող տարածքում կամ միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում, անհապաղ տեղեկացնում է տիեզերք արձակող մարմնին, տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն իր տնօրինման տակ գտնվող կապի բոլոր համապատասխան միջոցներով անմիջապես պետք է տարածի այդ տեղեկությունը:

Բացի այդ, եթե պատահարի, աղետի, արտակարգ կամ չնախատեսված վայրէջքի հետևանքով տիեզերանավի անձնակազմը վայրէջք է կատարում պայմանավորվող կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքում, ապա նա անհապաղ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը` նրանց փրկելու համար, և ցուցաբերում է ցանկացած անհրաժեշտ աջակցություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում