Քուվեյթը վտարում է 15 իրանցի դիվանագետների

Քուվեյթի իշխանությունները 15 իրանցի դիվանագետների կարգադրել են հեռանալ երկրից՝ փակելով զինվորական կցորդի եւ մշակույթի կցորդի աշխատակազմը, հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք դիվանագիտական միջոցներ ձեռնարկեցինք երկրում Իրանի դիվանագիտության ներկայացուցիչների դեմ՝ Քուվեյթի իրավունքների պաշտպանության համար»,- հեռուստաալիքին հայտարարել է երկրի տեղեկատվության նախարարը:

Ինչպես հեռուստաալիքին հայտնել են աղբյուրները, հուլիսի 20-ին երկրի իշխանությունները նոտա են հղել Իրանի դեսպանությանը, որտեղ դիվանագետներին տեղեկացրել են զինվորական կցորդի եւ մշակույթի կցորդի աշխատակազմի փակման մասին: Քուվեյթի իշխանությունները 15 իրանցի դիվանագետների կարգադրել են 45 օրվա ընթացքում հեռանալ երկրից, այսպիսով, երկրում մնում են ընդամնեը չորս դիվանագետներ Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Նաեւ Քուվեյթի կառավարությունը դադարեցնում է Իրանի հետ բոլոր միջկառավարական կոմիտեների աշխատանքը:

Այս միջոցները հետեւել են Քուվեյթի դատարանի՝ հուլիսի 16-ին կայացրած դատավճռից հետո: Դատարանը բանտարկության է դատապարտել «ալ Աբդալի» խմբավորման բջջի անդամներին: Մեղադրող կողմը պնդել է, որ զինյալները վարժանքներ են անցել Իրանում «Հըզբոլլահ» խմբավորման ղեկավարությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում