Լոքյանը կառավարությունից ՀՅԴ-ի դուրս գալու լուրերը համարում է հնարված սուտ

ՀՅԴ-ն չի քննարկել կոալիցիոն կառավարությունից դուրս գալու հարց, դրանք հնարած լուրեր են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը՝ ավելացնելով նաև, որ հուլիսի 18-ին Երևանում կայացած ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի նիստում որևէ գաղտնի քննարկում չի եղել, դրան մասնակցել է առնվազն 50 մարդ:

«Կառավարությունից դուրս գալու մասին որևէ բառ անգամ չի հնչել, սուտ է հնարվում: Նիստում քննարկվել է կոալիցիայում լինելու գործընթացը, այն, թե ինչպես է կառավարությունն աշխատում, ինչ առաջնահերթություններ ունի և ուր ենք գնում բարեփոխումների, ներդրումային դաշտի աշխուժացման ուղղությամբ: Ինչի մասին խոսում եք, բացարձակ հնարովի է: Նույնիսկ նիստին ԱՄՆ-ից որևէ մեկը չի մասնակցել, ինչի մասին գրվել էր թերթերից մեկում»,- ասաց Լոքյանը:
ԶԼՄ-ներից մեկում լուր էր հրապարակվել, թե ՀՅԴ-ի սփյուռքահայ անդամները դժգոհություն են հայտնել հայաստանյան գործընկերների գործելաոճից, կոալիցիոն կառավարությանն անդամակցելուց և պահանջել դուրս գալ գործադիրի կազմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում