Մարզերում գծատերեր այլևս չեն լինի. Վահան Մարտիրոսյան

Հայաստանում միասնական երթուղային ցանցի ստեղծման նախագիծն իրականացվում է ՀՀ վարչապետի հանձնարարականների շրջանակներում: 

«Տեխնիկական առաջադրանքի հիման վրա կկառուցվի միասնական ցանց և կդրվեն համապատասխան պահանջներ: Ծրագիրը դեռ «հում» է: Այսօրվա բոլոր երթուղիները սպասարկողների հետ պայմանագրեր ունեն, որոնց ժամկետները լրանալուց հետո նոր կարելի կլինի անդրադառնալ փոփոխությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը վստահեցրեց, որ միասնական երթուղային ցանցի պարագայում գծատեր, առանձին երթուղիներ չեն լինի, կլինի միասնական ցանց, որը կսպասարկվի կոնկրետ օպերատորի կողմից: «Մի երթուղին չի պատկանելու մեկ անձի»,- նախարարը՝ ավելացնելով, որ դեռևս վաղ է խոսել նաև թե ինչ քանակի ներդրումներ են անհրաժեշտ:

Տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Ըստ Մարտիրոսյանի, նախագիծը չի վերաբերում Երևանին:

Խոսելով գյուղական համայնքների ճանապարհների վիճակի մասին՝ նախարարն ասաց, որ դրանց վերանորոգման ծրագիրն իրականացվում է, խնդիրներն արդեն գույքագրել են: Հուլիսի 20-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում