Կարեն Կարապետյանը Պետգույքի կառավարման վարչությունից ակնկալում է գումարների ինտենսիվ մուտք

ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով պետական կառավարման մարմինների գործունեության ոլորտներում որոշումներ կայացնելու իրավասությունները տվյալ մարմիններին վերապահելու քաղաքականությանը համահունչ` առաջարկվում է նախապես սահմանված` որոշակի արժեքային մեծություն ունեցող պետական անշարժ գույքի օտարման գործընթացն իրականացնելու իրավասությունը վերապահել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը:

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել այն մոտեցումը, որ տարածագնահատման 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող, 50 մլն դրամից ավելի գնահատված արժեք ունեցող պետական անշարժ գույքի օտարման մասին որոշումներն ընդունվեն ՀՀ կառավարության որոշմամբ:

«Ինչ վերաբերում է տարածագնահատման 4-րդ և ավելի բարձր գոտիներում գտնվող, մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով պետական անշարժ գույքի օտարման մասին որոշումների ընդունմանը, ապա այդ լիազորությունն առաջարկվում է վերապահել Պետգույքի կառավարման վարչությանը: Արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվի գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կկարգավորվի ոչ լիկվիդային անշարժ գույքի վաճառքը՝ արդյունքում կավելանան ՀՀ պետբյուջեի մուտքերը»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Սահակյանը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ կառավարության ղեկավարը նշեց, որ այսպիսով գործադիրն ավելացնում է պետգույքի կառավարման վարչության ճկունությունն ու ազատության աստիճանը: «Միևնույն ժամանակ ավելացնում ենք պատասխանատվությունը, ինչի արդյունքում մենք ձեզանից սպասում ենք գումարների ինտենսիվ մուտք»,- ընդգծեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում