Քաղաքագետը կարևորում է հայ-ռուսական հարաբերություններում Սերժ Սարգսյանի մոտեցումը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հարցազրույցում հստակ ներկայացրեց հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի դիրքորոշումը: Անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդմանը Նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը նկատեց՝ Սերժ Սարգսյանը ներկայացրեց, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և, իհարկե, այդ երկիրն ունի իր հետաքրքրությունները: «Հայաստանը կարող է առավելագույնս օգտագործել դաշնակցի կողմից տրված հնարավորությունները: Շատ բաներ կախված է ոչ թե Ռուսաստանից, այլ հենց Հայաստանից: Բանակի, տնտեսության, գիտության և այլ ոլորտների զարգացումն առաջին հերթին կախված է Հայաստանից»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` հայկական քաղաքականության մեջ հազվադեպ են աչքի ընկնում այնպիսի մարդիկ, ովքեր տարբեր հարցերի շուրջ հստակ ձևակերպում են սեփական մտքերը եւ տրամաբանորեն այն ներկայացնում: «Սերժ Սարգսյանը հարցազրույցում չխուսափեց պատասխանել որեւէ հարցի՝ ներառյալ նաև քաղաքական իր ապագայի մասին: Դա է հենց Նախագահի յուրահատկությունը: Դա խոսում է նաև նրա փորձի մասին, վերջիվերջո այդքան տարի է՝ քաղաքականության մեջ է»,- եզրափակեց Միհրանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում