Լևոն Մնացականյանը կոչ է արել վառոդը միշտ չոր պահել

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ռազմական խորհուրդը հուլիսի 20-ին հերթական նիստն է գումարել` նվիրված 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին ՊԲ հրամկազմը, ծառայությունների ու բաժինների պետերը, միավորումների, զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, ռազմաիրավապահ մարմինների ղեկավարները: Համաբանակային կարևոր միջոցառմանը հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ներկա էր նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Ռազմական խորհրդի նիստը մեկնարկել է Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ներածական խոսքով, ինչին հաջորդել են ՊԲ հրամանատարի տեղակալների, միավորումների և զորամասերի հրամանատարների ելույթներն ու զեկույցները, որոնցից յուրաքանչյուրն անդրադարձել է իր պատասխանատվության տակ գտնվող ոլորտի ձեռքբերումներին ու թերացումներին:

Ռազմական խորհրդի նիստն ավարտվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով, ով, անդրադառնալով հաշվետու կիսամյակում կատարված աշխատանքներին, համապատասխան հանձնարականներ ու ցուցումներ է տվել երկրորդ կիսամյակի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար: Լևոն Մնացականյանը նիստի մասնակիցներին մեկ անգամ ևս հիշեցրել է անկանխատեսելի հակառակորդ ունենալու հանգամանքը՝ կոչ անելով ոչ մի պարագայում չթուլացնել զգոնությունն ու վառոդը միշտ չոր պահել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում