Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ գործարարներ Հակոբ Փիլավճյանին, Մարտիրոս Պօզաքալյանին, Կարուշ Ղազէլյանին, ովքեր 2005 թ. Հալեպում հիմնել են «Հայլանտ» շինարարական ընկերությունը, որն այնտեղ 11 շենք է կառուցել: 2012 թ. ընկերությունը տեղափոխվել է Երևան, որտեղ էլ ընկերության կողմից կառուցվել է բնակելի մեկ շենք: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ընկերությունը պատրաստվում է կառուցել երկրորդ շենքը, որի առաջին հիմնաքարը հանդիսավորությամբ կտեղադրվի մոտ օրերս: Հանդիպմանը մասնակցում էր նաև Քուվեյթի Ազգային վարժարանի փոխտնօրեն, «Ազդարար» շաբաթաթերթի խմբագիր Կարօ Արսլանյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ գործարարների ջանքերը՝ Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: «Ծնունդով տաբեր տեղերից ենք, բայց բոլորս հայաստանցի ենք: Ձեր կարգախոսն է. «Հայրենիք ենք վերադարձել, տուն ենք կառուցում»», – հավելեց նախարարը:

Հայրենադարձ գործարարները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և քաջալերանքի համար: Նրանք ներկայացրին կազմակերպության ծրագրերը, հեռանկարներն ու հնարավորությունները, հրավիրեցին նախարարին՝ ներկա գտնվելու նոր շենքի հիմնարկեքին, պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում