Երևանից ժամանած բժիշկները բուժծառայություններ են մատուցել Ստեփանակերտի բուժհաստատություններում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այս անգամ ևս Ստեփանակերտ էին այցելել Երևանի բուժհաստատությունների անվանի բժիշկ-մասնագետներ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը, գլխավոր մաշկաբան Կարեն Բաբայանը, գլխավոր օնկոլոգ-քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանը և մի շարք այլ բժիշկ-մասնագետներ տեղերում կազմակերպել են 275 հիվանդների անվճար հետազոտություն և խորհրդատվություններ, նաև իրականացրել են 8 անհրաժեշտ վիրահատական միջամտություններ:

Պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանն ու ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Երեմյանը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանն են փոխանցել Երևանից բերված 50 անվանում անհրաժեշտ դեղորայքն ու բժշկական պարագաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում