Նորովի գնահատելով Հայաստանի և Արցախի զբոսաշրջային վայրերը. մեկնարկեց Fun Armenia խորագրով արշավը

Fun Armenia խորագրով արշավը, որն իրականացվում է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ, մեկնարկել է: Այն նախաձեռնել են eli.fun ժամանցային և զբոսաշրջային հարթակն ու PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի հայաստանյան գրասենյակը:

Fun Armenia» խորագրով արշավի նպատակն է բացահայտել և ցույց տալ Հայաստանի ամեն մասնիկը։ Թե Հայաստանի ու Արցախի քաղաքացիները, և թե զբոսաշրջիկները կարող են լուսանկարել և ցույց տալ զբոսաշրջային «ուրիշ» Հայաստանը։ Ցանկացողները կարող են հրապարակել լուսանկարներ, որոնք ցույց կտան Հայաստանի, Արցախի եզակիությունը, որոնք կզարմացնեն և կներկայացնեն հայաստանյան ամբողջ ներկապնակը։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Լիլիթ Խանջյանը նշեց, որ սա լավ հարթակ է հայաստանյան զբոսաշրջային վայրերն ու հնարավորություններն այլ տեսանկյունից ներկայացնելու, նոր վայրեր բացահայտելու համար:

«Այս մրցույթը հնարավորություն է տալիս, որ տեղի բնակիչները ևս նորովի գնահատեն Հայաստանի, Արցախի զբոսաշրջային վայրերը: Մենք հետևելու ենք ընթացքին, Զբոսաշրջության պետական կոմիտեն լավագույն լուսանկարները կօգտագործի Armenia.travel կայքէջում, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի համար կոմիտեն պատրաստել է անակնկալ»,-ասաց Լիլիթ Խանջյանը:

eli.fun ժամանցային և զբոսաշրջային հարթակի համահիմնադիր Տիգրան Ճորոխյանի խոսքով՝ արշավն անցկացվելու է երկու փուլով և յուրաքանչյուր փուլի արդյունքներով կորոշվեն հաղթողները։ Առաջին փուլի հաղթողին կորոշի ժյուրին, իսկ երկրորդի հաղթողին՝սոցիալական ցանցում քվեարկության արդյունքներով։ Հաղթողներից յուրաքանչյուրը կստանա Հայաստանում խելահեղ հանգստի հնարավորություն։

«Շատերը չեն ճանաչում Հայաստանը, այնինչ մեր երկիրն ունի հրաշալի հնարավորություններ, մեծ բազմազանություն ժամանակակից զբոսաշրջության բոլոր պահանջներին բավարարելու համար: Մենք ունենք շատ լավ բնություն, որտեղ կարելի է քայլարշավ իրականացնել, ունենք մարդիկ, որոնք հյուրասեր են, շփվող են, կրում են ավանդույթներ, հետաքրքիր մշակույթ»,-ասաց Տիգրան Ճորոխյանը:

Նրա խոսքով՝ տարածված է կարծիք, որ Հայաստանում հանգիստ կազմակերպելն ավելի թանկ է, քան արտերկրում. իրականում այդպես չէ: Հայաստանն ունի այլընտրանքային զբոսաշրջության կազմակերպման լավ հնարավորություններ, այդ ոլորտում մատչելի հանգիստ կազմակերպելը նույնպես հնարավոր է: Ահա այդ բոլոր հնարավորությունները ներքին զբոսաշրջիկները կարող են լուսանկարների տեսքով ներկայացնել:

Նման լուսանկարներ ունեցողներն, ովքեր ցանկանում են մասնակցել մրցույթին, պետք է ներբեռնեն PicsArt հավելվածը կամ մուտք գործեն սոցիալական ցանց համակարգչից՝ տեղադրելով Հայաստանի յուրօրինակ լուսանկարները #FunArmenia հեշթեգով: PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի հայաստանյան գրասենյակի ներքին հաղորդակցման և մշակույթի կառավարիչ Նազելի Պետրոսյանը նշեց, որ լուսանկարը պետք է տեղադրել մեկնաբանությամբ` մի քանի բառով նկարագրելով յուրաքանչյուր նկարը` ըստ տեղակայման, կարևորության կամ այլ հետաքրքիր տեղեկության:

«PicsArt –ը տալիս է բազմաթիվ հնարավորություններ աշխատելու լուսանկարների հետ, խմբագրելու դրանք: Այսինքն` սովորական լուսանկարից կարող եք ստանալ հրաշալի մի արդյունք: Տրամաբանական քայլերով հավելվածը ձեզ կուղղորդի, որպեսզի հասկանաք, թե ինչպես կարող եք վարվել նկարի հետ»,-ասաց Նազելի Պետրոսյանը:

Մրցույթը կտևի մինչև սեպտեմբերի 9-ը, այնուհետև կամփոփվեն արդյունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում