Հայաստանի զբոսաշրջային պաշտոնական կայքէջը շուտով հանդես կգա նոր հնարավորություններով

Հայաստանի զբոսաշրջային պաշտոնական կայքէջը շուտով հանդես կգա նոր հնարավորություններով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Լիլիթ Խանջյանը:

«Այն բոլորովին նոր տեսքով է հանդես գալու, ունենալու է նոր գործիքակազմ: Այն իտերակտիվ բնույթ է կրելու: Հայաստան այցելող զբոսաշրջիկին կայքը հնարավորություն է ընձեռելու այցը դարձնել առավել գունեղ ու հետաքրքիր»,-ասաց Լիլիթ Խանջյանը:

Կայքը ոչ միայն ներկայացնելու է մանրամասն տեղեկություններ Հայաստանի զբոսաշրջային տարածքների մասին, այլև նոր գործիքակազմով հնարավորոթյուն կտա զբոսաշրջիկին կենտրոնացնել իր պլանավորած այցը` սեփական նախասիրություններին համապատասխան: Առանձնացված կներկայացվեն պատմամշակութային, արկածային և այլ զբոսաշրջային հնարավորությունների մասին տեղեկություններ: Զբոսաշրջիկը կայքի միջոցով կարող է տեսնել, թե իր նախընտրած վայր այցելությունը ո՞ր այլ վայրերի հետ կարող է համակցել:

Կայքի փորձնական տարբերակը կներկայացվի առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ ամբողջությամբ լրամշակված տարբերակը` օգոստոսի վերջին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում