«Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ-ն ճանաչվել է «Արցախէներգո»-ի սեփականատեր

Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախէներգո» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը տեղի է ունեցել հուլիսի 21-ին: Այն վարել է կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել երկու հայտ՝ «Միավորված էներգետիկ ընկերության» և «Ինտեկո էներգո» ընկերությունների կողմից:

Մրցույթում հաղթող ճանաչված «Միավորված էներգետիկ ընկերության» գլխավոր տնօրեն Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իրենք պարտավորվում են «Արցախէներգո» ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել 2 մլրդ 700 մլն դրամի ներդրում, առնվազն մեկ տարի պահպանել աշխատավարձի ֆոնդը և նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ չբարձրացնել սակագները և այլն:

Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են «Միավորված էներգետիկ ընկերության» ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթել նրանց՝ հանրապետության համար ռազմավարական նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում