«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը գնել է Հովիկ Աբրահամյանի «Տրիկոտաժի ֆաբրիկան» ու «Մեխզավոդը»

«Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնում է Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի մի մասը, մասնավորապես՝ «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»: Երեկ մեր լուրը պաշտոնապես հաստատեցին: Օլի­գարխին պատկանող ընկերությունից՝ «Ալեքս տեքստիլի» մարկետինգային հարցերով պատասխանատու Քրիստինա Ներսեսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ տրիկոտաժի ֆաբրիկայի տարածքը մոտ մեկ-երկու ամիս առաջ է գնվել: «Նպատակը տնային տեքստիլի արտադրություն սկսելն է: Արտադրվելու է սրբիչ, ինչպես նաև կտորեղենի արտա­դրություն է լինելու»,- ասաց ընկերության մենեջերը՝ հավելելով, որ մինչև այս տար­վա վերջ կամ գուցե հաջորդ տարվա սկիզբ պլանավորում են սկսել արտադրությունը: Գրել էինք նաև, որ Ալեքսանյանը ձեռք է բերել Աբրահամյանին պատկանող մեկ այլ՝ «Արտաշատի փորձարարական մե­խանիկական գործարանը» ևս: Այս մասով էլ հաստատեցին մեր տեղեկությունը՝ մեզ փոխանցեցին, որ «Մեխզավոդը» գնվել է, այն վատ վիճակում է և այժմ վերանորոգ­վում է: Թե երբ կվերագործարկվի, հայտնի չէ, բայց «մեծ թվով աշխատատեղեր կբացվեն»: Հիշեցնենք, որ այս ձեռնարկու­թյունները պատկանում էին ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով, ըստ լուրերի, կապի­տալը տեղափոխում է Գերմանիա՝ պատ­րաստվում է այնտեղ բիզնես ծավալել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում