Հայ դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներում ևս 6 մեդալ են նվաճել

«Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միջազգային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականներն արժանացել են 6 մեդալի և 2 գովասանագրի։ 

Մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվել է հուլիսի 12-23-ը Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ ՀՀ թիմը, որը ղեկավարում էին Սմբատ Գոգյանը (ՀՀ ԳԱԱ) և Տիգրան Մարգարյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց), արժանացել է 2-ական արծաթե (Միքայել Մկրտչյան, 12-րդ դասարան և Գագիկ Մաղաքյան, 10-րդ դասարան) ու բրոնզե /Սերգեյ Ներսիսյան, 12-րդ դասարան և Վահան Մարտիրոսյան, 11-րդ դասարան/ մեդալի և 1 գովասանագրի (Կարագուլյան Վահե, 11-րդ դասարան)։ Բոլոր աշակերտները սովորում են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։

Ֆիզիկայի օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 16-24-ը Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում, մեր աշակերտները վաստակել են 1-ական արծաթե (Դավիթ Գևորգյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան) ու բրոնզե (Խաչատուր Նազարյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան) մեդալ և 1 գովասանագիր (Միքայել Եղիազարյան, «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան): Թիմը ղեկավարում էին Գագիկ Գրիգորյանը և Բիլոր Կուրղինյանը, ովքեր դասավանդում են «ԱՅԲ» և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցներում։

Հուլիսի 6-15-ը Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում կայացած «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը շահել էր երկու բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր: Նշենք, որ հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Կենսաբանություն» առարկայից, հուլիսի 23-30-ը, Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում