Իրանի համար նպատակահարմար է Հայաստանի հետ կապերի ամրապնդումը

Իրանը շահագրգռված է Հայաստանի միջոցով կապ հաստատել Եվրասիական տնտեսական միության հետ: Հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Իրանագետի խոսքով` Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Հայաստան այցելության ժամանակ քննարկել են Իրան-Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հնարավորությունները, այնուհետև նա մեկնել է Ղրղըզստան և Ղազախստան, որտեղ կրկին քննարկել են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության հեռանկարները:
«Իրանը փորձում է տնտեսական կապեր հաստատել բոլոր ուղղություններով, որպեսզի իր առջև կանգնած տնտեսական խնդիրները կարողանա լուծել: Ներկայումս Իրանի համար յուրաքանչյուր շուկա կարևոր է»,- ընդգծեց Իսրայելյանը:

Ինչ վերաբերվում է Թուրքիա-Իրան համագործակցությանը, իրանագետի կարծիքով` վերջին տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է, ինչը պայմանավորված է տարածաշրջանային որոշ տարաձայնություններով, ուստի այս տեսանկյունից ևս Իրանի համար նպատակահարմար է Հայաստանի հետ կապերի ամրապնդումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում